Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր առցանց մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում պատասխանում է արցախահայերի կողմից տրված օնլայն հարցերին:

Հարցերի մեծ մասը պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված շրջանների բնակիչների կողմից են, ովքեր նշում են, որ իրենց տները կորցնելուց հետո այժմ ապրում են Արցախի տարբեր գյուղերում և ոչ բարվոք տնային պայմաններում:

Բեգլարյանը վստահեցրեց՝ իրենց համար քաղաքացիների բնակարանային խնդիրներն առաջնային են:

«Առաջիկա օրերին կառավարության կողմից կհաստատվի բնակարանային ծրագիրը, կոնկրետ ժամկետներով կհայտնենք, թե որ գործողությունը, որ մարմինը որքան ժամանակում է իրականացնելու»:

Նախարարը շեշտեց՝ այս ընթացքում արդեն աշխատանքներ այդ ուղղությամբ իրականացվել են, տեղահանված քաղաքացիների մի մասն ապահովվել է ժամանակավոր կացարաններով:«Տարբեր տներում սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Մի քանի շաբաթից մենք ավելի հստակ կկարողանանք ասել, թե ով որքան ժամանակից ապահովված կլինի բնակարանով»,-ասաց Բեգլարյանը:

Օգտատերերից մեկը, որը Շուշիից է, սակայն այժմ բնակվում է Խնձրիստանում, Բեգլարյանից խնդրում է վերանորոգել բնակարանը, որտեղ իրենք այժմ բնակվում են:

ԱՀ պետական նախարարը նկատեց, որ վերանորոգումների մասով խնդիրներ կան.«Սակայն տասնյակից ավելի հաջողված դեպքեր էլ ունենք՝ կապված մի շարք տների վերանորոգումների հետ: Այս դեպքով խոստանում եմ մանրամասները հասկանալ և հետևողական լինել, ինչպես նաև մնացած ընտանիքների մասով նույնպես, ովքեր ունեն վերանորոգման կարիք, փորձելու ենք կարճ ժամանակում այդ հարցը լուծել»:

Անդրադառնալով զինծառայողներին տրամադրվող բնակարաններին, Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս հարցով զբաղվում է պաշտպանության նախարարությունը. «Մանրամասներ այս պահին չեմ կարող ասել: Մեզանից ինչ կախված լինի, մենք աջակցելու ենք: Դրա համար որոշակի ֆինանսական միջոցներ նախատեսվելու են, սակայն պահեստազորային զինծառայողների բնակարանների հարցով, ամենայն հավանականությամբ, կզբաղվի Արցախի Հանրապետության կառավարությունը: Առաջիկայում ստեղծելու ենք մարմին, որը զբաղվելու է միայն բնակարանային հարցերով»,-ասաց պետ նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն