«Ազովստալի» և Մարիուպոլի տարածքի հանդեպ ամբողջական վերահսկողություն է հաստատվել. Կոնաշենկով
«ԱԶՈՎՍՏԱԼՆ» ՈՒ ՄԱՐԻՈՒՊՈԼԸ ՌԴ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է «Ազովստալի» և Մարիուպոլի հանդեպ ամբողջական վերահսկողություն հաստատելու մասին: Այդ մասին հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսական կողմին են գերի հանձնվել վերջին 531 գրոհայինները։ Մայիսի 16-ից, ընդհանուր առմամբ, զենքը վայր է դրել 2439 զինծառայող»,- մանրամասնել է նա։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐ ՀԱՂԹԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ
Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ այժմ Ուկրաինայի կողմից մարտական գործողություններում ներգրավված է մոտ 700 հազար մարդ։
Նախագահը նաև ներկայացրել է պատերազմում հաղթանակելու իր սցենարը․
«Ուկրաինայի համար հաղթանակ կհամարվի այն, որ երկրի զինված ուժերը դուրս գան մինչև փետրվարի 24-ը զբաղեցրած դիրքերը։ Դա կնշանակի, որ մեզ չեն գրավել, որ մենք պաշտպանել ենք մեր հողը: Այնուհետև կնստենք բանակցությունների սեղանի շուրջ», - ընդգծել է նա։
ԿԻԵՎԸ ՇՏԱՊՈՒՄ Է ՄՏՆԵԼ ԵՄ
Կիևին Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակին այլընտրանքներ պետք չեն, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ես հասկանում եմ կառույցին անդամակցության գործընթացի բարդությունը․ որոշ երկրներ երկար տարիներ սպասում են ԵՄ թեկնածու դառնալու համար։ Կարծում եմ՝ ճիշտ չէ համեմատել մեզ թեկնածության խաղաղ ճանապարհ անցած երկրների հետ․ մենք պատերազմում ենք հանուն ազատության, անկախության, եվրոպական արժեքների»,- ընդգծել է Զելենսկին։
Կողմերն անդրադարձել են նաև Կիևին Պորտուգալիայի ֆինանսական աջակցությանը։ Անտոնիու Կոշտան վերահաստատել է պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու իր երկրի պատրաստակամությունը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել էր ինտեգրացիոն նոր ասոցիացիա ստեղծել, որում կընդգրկվեն Եվրամիության բոլոր պետությունները և դրան անդամակցության թեկնածու երկրները։ Գերմանիայի կանցլերն էլ նշել էր, որ Եվրամիությունը վաղուց անդամակցություն է խոստացել Արևմտյան Բալկանների երկրներին, և Կիևին արագացված ընթացակարգով կառույց ընդունելն անարդարացի կլինի նրանց հանդեպ։
ԹՈՒՐՔԻԱՆ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ՇՎԵԴԻԱՅԻ ՈՒ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԵՏ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել դադարեցնել աջակցությունը Քրդստանի աշխատավորական կուսակցությանը և ահաբեկչական այլ կառույցներին՝ հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։
«Նախագահը նաև արտահայտվել է պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի դեմ Շվեդիայի սահմանափակումների վերացման օգտին», - ասված է հաղորդագրության մեջ։
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ․ օրակարգում նույն հարցն է՝ Հյուսիսատլանտյան դաշինքին Հելսինկիի հնարավոր անդամակցությունը։
Ֆինլանդիայի խորհրդարանի խոսնակ Մատի Վանհանենը հայտարարել է, որ Հելսինկին չի փոխի երկրի իրավական նորմերը և Թուրքիա չի արտահանձնի անմեղ մարդկանց, հատկապես, եթե նրանց կարող են ազատությունից զրկել։
Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման վերաբերյալ հարցին նա պատասխանել է՝ հարկավոր է պարզել՝ կոնկրետ ինչ ակնկալիքներ ունի Անկարան։
Ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր՝ իր երկիրը չի աջակցի Հելսինկիի և Ստոկհոլմի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի դեռ նրանք չեն կատարել Թուրքիայի պահանջները, այդ թվում՝ արտահանձնել մի խումբ քրդերի, որոնց պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ։
ԲՈՒԴԱՊԵՇՏԸ ՉԻ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ
Բուդապեշտը չի պաշտպանի Ռուսաստանի դեմ տնտեսապես անընդունելի պատժամիջոցները, համոզմունք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Օրբանի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցները նման են «ատոմային ռումբի», քանի որ դրանք հանգեցնում են գների բարձրացման, սովի և սահմաններին մեծ թվով միգրանտների կուտակման:
«Մեզ սպասում է ծանր ձմեռ»,- մտահոգություն է հայտնել Օրբանը։
ԿԱՊԿԻ ԾԱՂԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է
Հաստատվել է Կապկի ծաղիկ հիվանդության շուրջ 80 դեպք, 50-ը ուսումնասիրման փուլում են՝ հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։ Մարդկանց շրջանում հիվանդության դեպքեր են գրանցվել 11 երկրում՝ Ավստրալիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Պորտուգալիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Շվեդիայում։ Լրատվամիջոցների տվյալով՝ վարակման դեպք է արձանագրվել նաև Իսրայելում։
ԱՀԿ-ն փորձում է պարզել վարակի տարածման պատճառները և նախազգուշացնում՝ ամռան ամիսներին Եվրոպայում կապկի ծաղիկ հիվանդության տարածման մեծ վտանգ կա։ Փորձագետների խոսքով՝ վարակը հիմնականում փոխանցվում է հիվանդի հետ ֆիզիկական սերտ շփման արդյունքում:
Սա հազվագյուտ վարակիչ հիվանդություն է, որն առավել տարածված է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում, հիմնականում մարդուն փոխանցվում է վայրի կենդանիներից: Ախտանշաններն են՝ սրտխառնոց, ջերմություն, ցան, քոր և մկանային ցավ։