35 հա անտառային տարածք վարձակալությամբ կտրամադրվի զբոսաշրջության նպատակով. լոտերը կլինեն մրցակցային
Արագածոտնում, Կոտայքում, Լոռիում և Տավուշում մոտ 35 հեկտար անտառային տարածք վարձակալությամբ կտրամադրվի հանգստի և զբոսաշրջության նպատակով: Ավելի քան մեկ տարի գործընթացը կասեցվել էր՝ կադաստրային արժեքների փոփոխմամբ պայմանավորված:
Սերգո Աթանեսյան (ՀՀ ՇՄՆ անտառային կոմիտեի նախագահի առաջի տեղակալ) - Ամենամեծ արժեքը Հրազդանի ամտառտնտեսության, սակայն Երևանում գտնվող անտառպետության համար նախատեսվող արժեքն է, որը, առանց ավելացված արժեքի, մեկ տարվա համար մեկ հեկտարի դիմաց մոտավորապես կազմում է 1 միլիոն 70 հազար դրամ:
Տարբեր լոտերի համար արդեն 200 հայտ ունեն, սակայն սա չի նշանակում, որ բոլոր դիմումները բավարարվելու են: Լոտերը լինելու են մրցակցային, և ձևավորվելու է նվազագույն սմահմանաչափից ավելի մեծ վարձավճար՝ վստահ է անտառային կոմիտեի ղեկավարի տեղակալը: Վարձակալության տրված հողերի նպատակն էկոտուրիզմի զարգացումն է: Որ հետագայում չստացվի՝ էս սարն իմն է, էս ծառն իմն է տարբերակը, վարձակալների առաջ խիստ պայմաններ են դրել ու հետևողական են լինելու պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: Վարձակալվող տարածքի մեծությունից կախված՝ վարձակալման ժամկետը տարբեր կարող է լինել, բայց առավելագույնը՝ 40 տարի:
Սերգո Աթանեսյան - Հիմնական շինություն տվյալ տարածքում չի թույլատրվելու, միայն թույլատրվելու են թեթև կոնստրուկցիաներ, ընդ որում՝ առանց ծառահատումների:
Տարածքի պահառություն, սանիտարական վիճակի պահպանություն, ներդրումային ծրագիր, որը կլուծի նաև սոցիալական խնդիր: Պայմանագիրը ցանկացած պահի կդադարի, եթե վարձակալը չկատարի ներդրումային ծրագիրը: Պայմանը դրվել է՝ հաշվի առնելով նախկինում տրված վարձակալությունների արատավոր փորձը: Թեև նախկինում էլ վարձակալության մրցույթներն իրականացվել են հրապարակային բաց մրցակցային եղանակով:
Սերգո Աթանեսյան - Ցավոք սրտի, ոչ մի լոտի համար մեկ հայտից ավելի չի ներկայացվել մասնակից, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր տարածք վարձակալվել է նվազագույն վարձավճարի դիմաց:
Այսպես ասած՝ կոպեկներով: Չեն վերահսկվել ներդրումային ծրագրով ներկայացված ցուցանիշները:
Անտառային կոմիտեում հիմա ուսումնասիրում են նախկինում տրված 160 վարձակալությունների ներդրումային պարտավորությունները: Եթե պարզվի, որ վարձակալն իր պարտավորությունները չի կատարել, այդ պայմանագրերը ևս կլուծարվեն: