Սիբիրյան խոցի 7 դեպք Շիրակի մարզում. նրանք անասուն մորթողներն ու դրանց միսը մշակողներն են եղել. մանրամասներ
Շիրակի մարզի Իսահակյան գյուղում սիբիրյան խոցի դեպքեր են հայտնաբերվել. 7 անձ տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։ NEWS.am-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանն ասաց, որ հունիսի 30–ին սիբիրյան խոց ախտորշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 4 տղամարդ ու մի կին, իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 1–ին, եւս մեկ տղամարդ ու կին։
Հիվանդանոց տեղափոխած բնակիչները անասուն մորթողներն ու դրանց միսը մշակողներն են եղել։
«Առավոտյան իրենց հետ խոսել եմ, վիճակները նորմալ է, բարդություններ չկան, գյուղում ուրիշ բողոքներ էլ չեն եղել»,– ասաց Արսենյանը։
Իսահակյան գյուղում նախորդ օրերին մանր եւ խոշոր եղջերավոր անասունների 12 անկման դեպք է տեղի ունեցել։ Այսօր արդեն եւս 1 խոշոր եղջերավոր անասուն է սատկել։
Երեկ սիբիրախտի դեմ ամբողջ գյուղի գլխաքանակը նորից պատվաստվել է:
«Ես հունիսի 21–ից արձակուրդից վերադարձա, անասնաբույժն ինձ հունիսի 23–ին ասաց, որ պատվաստում են կատարում ու դեռ չեն ավարտել ու դեպքը տեղի ունեցավ հունիսի 29–ին։ Չգիտեմ՝ լրիվ էր պատվաստել, թե չէ, չեմ կարող ասել»,– ասաց գյուղի վարչական ղեկավարը։
Մեզ հետ զրույցում Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն ասաց, որ սիբիրախտով վարակված 7 բնակիչների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Բնակիչների մարմնի տարբեր հատվածներում սիբիրյան խոցեր են առաջացել։Նրանց վիճակը հիմա կայուն է, չեն ջերմում, մի քանի օր հոսպիտալուցվելուց հետո, երբ վերքերը կլավանան, դուրս կգրվեն հիվանդանոցից։ Հիվանդությունը համարվում է հատուկ վտանգավոր վարակ, բաց վերքի միջոցով վարակը կարող է փոխանցվել, դրա համար էլ մինչեւ վերքերը չապաքինվեն, դուրս չեն գրվի հիվանդանոցից»,– ասաց հիվանդանոցի տնօրենը։
«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի» «Շիրակ» մասնաճյուղը նախօրեին այցելել է Իսահակյան գյուղ եւ հետազոտություններ արել։ Գործընթացին միացել են նաեւ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը։
«Աշխատանքային խմբեր են ձեւավորվել, որին միացել են նաեւ մեր հիվանդանոցի աշխատակիցները։ Գնացել ու տուն առ տուն շրջայց են կատարել, զննել»,– հավելեց Գյումրու ինֆեկցիոնի տնօրենը։
Նշենք, որ Իսահակյան գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը ինքնասպան է եղել։ Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 1–ի առավոտյան։
«Առավոտյան արթնացել է ու այդ քայլին գնացել, պատճառների մասին, թե ինչն է իրեն դրդել նման քայլի գնալ՝ ես չեմ կարող ասել։ Տնեցիք նույնպես ասում էին, որ տեղեկություն չունեն»,– ասաց նա։