«Երեխաներին տարեք, ջուրը վարակված է». ահազանգել են Քանաքեռ-Զեյթունի մի քանի մանկապարտեզից, Առինջում էլ հորդորել են խմելու ջրից չօգտվել՝ գույնը փոխված է
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի քանի մանկապարտեզից ծնողներին ահազանգել են, որ երեխաներին տուն տանեն, քանի որ մանկապարտեզների ջուրը թունավորված է: Այդ մասին ծնողները գրել են ֆեյսբուքյան խմբերից մեկում՝ փորձելով հասկանալ՝ որն է խնդիրը: Մասնավորապես, մատնանշվում են Երևանի թիվ 153, թիվ 149 և թիվ 151 մանկապարտեզները:
Թիվ 153 մանկապարտեզի ծնողներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը նշվի, Aysor.am-ին ասաց՝ մանկապարտեզից ձայնային հաղորդագրություն են ստացել հետևյալ բովանդակությամբ՝ «Եկեք, երեխաներին տարեք, ջուրը վարակված է»:
Հաղորդագրությունն այսօր առավոտյան են ստացել: Սակայն, ծնողի խոսքով, արդեն մի քանի օր է՝ իրենց խմբում կան փորլուծություն, ջերմություն ու գլխացավ ունեցող երեխաներ, որոնց թվում նաև իր որդին է: Մեր զրուցակցի խոսքով՝ բժշկի չեն դիմել: Սկզբում մտածել են, որ, գուցե, երեխաների գանգատները շոգի, արևահարվելու հետևանք են, սակայն ջրի վարակված լինելու մասին տեղեկությունից հետո առողջական գանգատները կապում են հենց ջրի խնդրի հետ:
Փորձեցինք մանրամասներ իմանալ մանկապարտեզներից: Թիվ 153 մանկապարտեզից, սակայն, մեզ միայն ասացին, որ նմուշառության համար ջուր է վերցվել. «Դեռ ճշտվում է»:
Իսկ թիվ 149 մանկապարտեզից փոխանցեցին, որ հեռախոսով հարցերին չեն պատասխանում:
«Ջրի թունավորման հետ կապված տեղեկություններ չկան՝ ապատեղեկատվություն է», - մեզ ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ ջրագծի վնասման հետ կապված խնդիրներ կան, ինչը ջրի թունավորում չէ: Մանկապարտեզներին առաջարկել են ջրից չօգտվել:
Ահազանգին արձագանքեցին նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից՝ ֆեյսբուքյան էջում գրելով, որ խմելու ջրի թունավորման մասին լուրը պաշտոնապես հաստատված փաստ չէ:
Ահազանգի հետքերով են գնացել «Վեոլիա ջրի» և ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները:
«Տեղում աշխատնքներ են տարվում պարզելու՝ ահազանգը ճի՞շտ է, թե՞ ոչ: Հաստատման կամ հերքման դեպքում նախարարությունը հայտարարություն կանի», - նշեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:
«Վեոլիա ջրի» հանրային կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն էլ մանրամասնեց, որ ահազանգի պատճառը ջրի գույնի փոփոխությունն է եղել. «Ստուգումներ ենք իրականացնում»:
Քանաքեռ-Զեյթուն ահազանգից կարճ ժամանակ անց, սակայն, ջրի խնդրի վերաբերյալ մեկ այլ ահազանգ ստացվեց նաև Առինջ համայնքից: Համայնքի ֆեյսբուքյան էջում բնակիչներին հորդորում են խմելու ջրից չօգտվել:
««Վեոլիա ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը՝ մինչ խնդրի կարգավորումը», - նշված է հայտարարության մեջ:
Նյութը՝ Aysor.am