Քաղաքային ղեկավարության հավաստմամբ` մոտ 20 օրից կավարտվի Վանաձորի Աղայան փողոցի ասֆալտապատման աշխատանքը: Օրեր առաջ թաղամասի բնակիչներն ու վարորդները փակել էին թաղամաս տանող բոլոր մուտքերը, պահանջում էին սեղմ ժամկետում ավարտին հասցնել 8 ամսից ավելի ձգվող ասֆալտապատումը։

Ըստ պատասխանատուների՝ 1151 մետր երկարությամբ ճանապարհահատվածի նորոգումը դադարել էր եղանակային պայմանների ու համայնքի ղեկավար չունենալու պատճառով։ Անձրևները հիմա դադարել են, համայնքն էլ ղեկավարի պաշտոնակատար ունի: Թեև համայնքում ընտրությունները եղել են նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, ավագանին զրկված էր նիստ գումարելու և համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունից՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ընտրության արդյունքները վիճարկելու պատճառով։ Դրան զուգահեռ, շուրջ 45 % ձայներ ստացած ուժի՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ղեկավարը կալանավորված է պաշտոնավարման նախկին ժամկետի ընթացքում լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Ելնելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքում կատարված փոփոխությունից՝ վարչապետի՝ մայիսի 13-ի որոշմամբ` համայնքի ղեկավարի պարտականությունները հիմա ժամանակավորապես կատարում է Արկադի Փելեշյանը:

Այժմ Աղայան փողոցում տեղադրվում է ասֆալտ-բետոնե ծածկույթի ստորին շերտը։ Մոտ օրերս ճանապարհը կհանձնվի շահագործման:

Սուրեն Աբովյան (Վանաձոր համայնքի գլխավոր ճարտարապետ) - Քանի որ առաջնորդվում ենք 2021 թվականի բյուջեի համամասնություններով՝ ծախսերի, այդ իսկ պատճառով շինարարարի մոտ խնդիր էր առաջացել, որովհետև գումար կարող էին ստանալ միայն հոկտեմբեր ամսին, և աշխատանքների կազմակերպումը դժվար էր։ Սակայն, ի ուրախություն մեզ, Լոռու մարզպետի և Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի բանակցությունների արդյունքում աշխատանքները սկսվեցին և արդեն բուռն ընթացքում են։

Բնակիչների խոսքով՝ խնդիրներ առկա են նաև քաղաքի մյուս փողոցներում։

Գլխավոր ճարտարապետի խոսքով՝ մինչև տարեվերջ քաղաքի ճանապարհները կարգի կբերվեն։ Մոտ 15 օրից կմեկնարկեն ճանապարհների փոսալցման աշխատանքները։ Այս տարի նախատեսվում է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ 4 մեծ փողոց ամբողջությամբ նորոգել։

Սուրեն Աբովյան - Դեռևս 2019 թվականից վարչապետի մոտ կայացած խորհրդակցությամբ որոշված 4 փողոցների նախագծային փաստաթղթերը ևս արդեն պատրաստ են՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ, դրանք են Մոսկովյան, Մովսես Խորենացի, Կարեն Դեմիրճյան և Գրիգոր Լուսավորիչ փողոցները։ Էս բոլոր ծրագրերի իրականացման դեպքում արդեն բավականին կլուծվի Վանաձորի ճանապարհային ցանցի բարելավման խնդիրը։

Ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն նաև խոշորացված համայնքի մյուս բնակավայրերում. սուբվենցիոն միջոցներով կնորոգվեն Շահումյան, Գուգարք և Դարպաս բնակավայրերի ներհամայնքային փողոցներ՝ ընդհանուր մոտ 10 կմ երկարությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն