Մեծ Բրիտանիան այսօր կարող է սկսել Բորիս Ջոնսոնին անվստահության քվեի քննարկման գործընթացը
Պահպանողական կուսակցության առաջնորդ և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահության քվեի ընթացակարգը կարող է սկսվել արդեն հունիսի 6-ին, այսօր առավոտյան Twitter-ում հայտնել է ITV հեռուստաալիքի խմբագիր Փոլ Բրենդը։
Ըստ այդմ, համապատասխան հայտարարությունը պետք է անի 1922 կոմիտեի ղեկավար Գրեհեմ Բրեյդին: Անվստահության քվե կանցնի, եթե 54-ից ավելի պահպանողական պատգամավորներ պաշտոնապես պահանջեն առաջնորդից հեռանալ պաշտոնից: The Sunday Times-ը երեկ հայտնել էր, որ խորհրդարանի 67 անդամ արդեն կողմ է քվեարկել Ջոնսոնի հրաժարականին։ Բրենդի հայտարարությամբ,քվեարկությունը կարող է տեղի ունենալ այս շաբաթ։
Վարչապետին անհրաժեշտ կլինի 180 և ավելի ձայների պարզ մեծամասնություն, որից հետո նա առնվազն մեկ տարի պաշտպանված կլինի նմանատիպ դեմարշի կրկնությունից։ The Sunday Times-ը նշում է, որ այս պահին հավանականությունը Ջոնսոնի օգտին չէ:Կառավարության ղեկավարի պարտության դեպքում կուսակցությունը սպասում է նոր առաջնորդի ընտրությունների, որի համար նախատեսված է երեք ամիս։
Կուսակցության անդամների շրջանում վարչապետ Ջոնսոնի նկատմամբ դժգոհությունն ուժեղացավ 2020-2021 թվականներին կորոնավիրուսային շրջափակումների գագաթնակետի ժամանակ Ջոնսոնի նստավայրում կազմակերպված երեկույթներից հետո։
Վարչապետը համաճարակի պայմաններում երեկույթներից մեկին մասնակցելու համար տուգանք վճարեց և ներողություն խնդրեց, սակայն հրաժարվեց հրաժարական տալ, ինչպես պահանջում էր ընդդիմությունը, կամ որևէ մեկին աշխատանքից ազատել։ Ջոնսոնը կարծիք է հայտնել, որ իր համար անպատասխանատու կլինի թողնել պաշտոնը ուկրաինական հակամարտության պայմաններում։