ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ 103-ՐԴ ՕՐԸ

Ուկրաինայում ռազմական գործողությունների 103-րդ օրն է:

«Ռուսաստանի ԶՈՒ-ն ավարտին է հասցնում Դոնեցկի Սվյատոգորսկ քաղաքի ազատագրումը։ Ուկրաինացի ազգայնականները պայթեցրել են Սվյատոգորսկի Սևերսկի Դոնեցով անցնող կամուրջը՝ քաղաքից նահանջը կանխելու համար», - ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։

Գերատեսչության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ ոչնչացվել է 150 ուկրաինացի զինվորական, ավիահարվածներ են հասցվել Խարկովի դարբնոցային գործարանի արտադրական կորպուսներին։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից էլ հայտնում են՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում ոչնչացվել է առնվազն հարյուր ռուս զինծառայող՝ հիմնականում Սլավյանսկի ուղղությամբ։

«Հակառակորդը կորցրել է 5 տանկ, 8 զրահամեքենա, 3 ԱԹՍ և այլ ռազմատեխնիկա», - նշված է Գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԿՈՐՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ. ԴԱՆԻԼՈՎ

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը հայտարարել է, որ Դոնբասի մի շարք ուղղություններում Ուկրաինայի զինված ուժերի նահանջը և տարածքների ժամանակավոր կորուստը ողբերգություն չէ։

«Ողբերգություն կլինի ամբողջ երկրի կորուստը։ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի Ռուսաստանի հետ հակամարտությունում հաղթանակի հասնել, սակայն զորքերը պատրաստ են դեռ երկար դիմադրել», - նշել է Ալեքսի Դանիլովը։

Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը չի կարողանում համարժեք հակահարված տալ ռուսական հրետանուն։

«Մենք կարող ենք շարունակել Դոնբասից զորքերի դուրսբերումը, վերախմբավորումը և սպասել Արևմուտքի ռազմական օգնությանը», - մանրամասնել է Ազգային անվտանգության քարտուղարը։

Դանիլովը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինան կվերադարձնի կորցրած տարածքները։

ՈՒԶՈՒՄ ԵՆ ՍՏԻՊԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ. ԶԵԼԵՆՍԿԻ

Կիևը Արևմուտքի հետ չի բանակցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր «խաղաղության ծրագրի» շուրջ՝ չնայած աշխարհը հոգնել է պատերազմից և շատերը մեզնից ինչ-որ արդյունք են ակնկալում, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

«Բոլորն ուզում են մեզ ստիպել ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել, որոնք մեզ միանշանակ ձեռնտու չեն, այլ ձեռնտու են այս կամ այն կողմին։ Նրանք իրենց շահն ունեն՝ թե ֆինանսական, թե քաղաքական։ Իսկ մեր կարծիքը չեն հարցնում»,- պարզաբանել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև հանդես է եկել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմ սահմանելու օգտին, սակայն նման նախաձեռնության հստակ ժամկետներ չի նշել։

ՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵԿՆԻ ԹՈՒՐՔԻԱ

Ռուսական պատվիրակությունը վաղը կմեկնի Թուրքիա՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման գործընթացի կազմակերպման շուրջ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

«Հուսով եմ՝ կկարողանանք լուծել այս հարցը։ Վերջնական որոշումը, իհարկե, կկայացնեն երկու երկրի ղեկավարները», - նշել է Սերգեյ Լավրովը, հավելել՝ Ռուսաստանն ու Թուրքիան ցանկանում են, որ սննդամթերքի մատակարարման հետ կապված խնդիրներ չլինեն։

Դիվանագետը նաև աննախադեպ է որակել Հյուսիսատլանտյան դաշինքի մի շարք երկրների որոշումը՝ խոչընդոտելու իր պաշտոնական թռիչքը Սերբիա։

«Բելգրադին գործընկերներ ընտրելու հնարավորությունից զրկելու Արևմուտքի դիրքորոշումը ցինիկություն է», - հավելել է Լավրովը։

Ավելի վաղ սերբական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են օդային միջանցք տրամադրել Լավրովի ինքնաթիռին։

ՊՈՒՏԻՆԻ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ԿԻԵՎԻՆ ԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է՝ եթե Կիևին մեծ հեռահարության հրթիռներ տրամադրեն, Ռուսաստանը եզրակացություններ կանի և հարվածներ կհասցնի այն օբյեկտներին, որոնք դեռ չի թիրախավորել․ այսպես է Կրեմլի ղեկավարը մեկնաբանել Ուկրաինային ամերիկյան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումը։

Նրա խոսքով՝ Կիևին զինելու շուրջ աղմուկի միակ նպատակն է երկարաձգել Ուկրաինայում զինված հակամարտությունը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն