ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՀՐԱԺԱՐՎԻ ԷԳԵՅԱՆ ԾՈՎՈՒՄ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ. ԷՐԴՈՂԱՆ

Թուրքիան չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից՝ Իզմիրում «Efes-2022» միջազգային զորավարժությունների շրջանակում ելույթի ժամանակ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը:

«Կոչ եմ անում Հունաստանին զերծ մնալ Էգեյան ծովի կղզիներում ռազմականացումից: Չեմ կատակում, այս ամենը կարող է ավարտվել աղետով»,- զգուշացրել է նախագահը:

Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան մոտ ապագայում ավարտին կհասցնի Սիրիայի սահմանի երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության միջանցքի ստեղծման աշխատանքները։

Սիրիայի նախագահը RT հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել սիրիական և թուրքական բանակների ուղիղ առճակատման հնարավորությունը։ Նրա խոսքով՝ Սիրիան կգնա նման բախման, եթե տեղի բնակչությունը պատրաստ լինի դիմադրություն ցույց տալ թուրքական ուժերին, և ռազմական առճակատման համար ստեղծվեն համապատասխան ռազմական պայմաններ:

ՌԵԶՆԻԿՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալիքսի Ռեզնիկովը ներկայացրել է մարտի դաշտում իրավիճակը: Նրա խոսքով՝ ռուսական ուժերն առաջ են շարժվում մարդկային մեծ կորուստների գնով, սակայն գերազանցում են ուկրաինական կողմին քանակով:

«Ուկրաինան էլ է շատ կորուստներ տալիս: Ամեն օր կորցնում ենք մինչև հարյուր զինծառայող, վիրավորների թիվը հասնում է 500-ի»,- մանրամասնել է Ռեզնիկովը, հավելել՝ Կիևին մինչ այժմ տրամադրված զենքը բավական կլիներ դիմակայելու եվրոպական ցանկացած բանակի, բայց ոչ Ռուսաստանի զորքերին:

Նախարարը տեղեկացրել է, որ Ուկրաինայի առափնյա պաշտպանությունն ուժեղացված է Harpoon համակարգերով, մոտ ժամանակում Կիևը կստանա անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ։

«Մեր նպատակն է ստանալ հակաօդային պաշտպանության համակարգեր, ՆԱՏՕ-ի համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, դաշինքի զենքերով փոխարինել խորհրդային տարիների զենքերը, ներգրավել ծանր զրահատեխնիկա»,- եզրափակել է Ռեզնիկովը:

ԾՈՎԱՅԻՆ ԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՔՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՔԱՆԻ ԱՄԻՍ Է ՊԵՏՔ. ԱԴԱՄՍ

ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպության ծովային անվտանգության հարցերով հատուկ խորհրդական Փիթեր Ադամսը հայտարարել է, որ Ուկրաինայի նավահանգիստների ապաշրջափակման շուրջ հնարավոր համաձայնությունները չեն նպաստի դրանց աշխատանքների արագ վերականգնմանը:

«Նույնիսկ եթե նավահանգիստները ցանկանան բացվել հենց վաղը, դա անհնար կլինի. ծովային ականները մաքրելու համար ժամանակ է պետք՝ մի քանի ամիս»,- նշել է նա:

Ադամսի խոսքով՝ ուկրաինական նավահանգիստներում մոտ 450 օտարերկրյա նավաստի կա՝ հիմնականում Թուրքիայից, Ադրբեջանից և Ֆիլիպիններից։ Նրանք չեն կարող լքել Ուկրաինայի տարածքը, քանի դեռ ծովային ականները չեն վնասազերծվել։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Կիևը կհասկանա՝ ուկրաինական հացահատիկի և այլ ապրանքների արտահանման համար նավահանգիստների ականազերծմանն այլընտրանք լինել չի կարող։ Նա խոստացել է, որ Մոսկվան չի օգտագործի ուկրաինական նավահանգիստների ականազերծումը ռազմական նպատակներով և համաձայն է համապատասխան երաշխիքներ տալ։

Ուկրաինայի ԱԳՆ-ն, մեկնաբանելով Լավրովի խոսքը, տեղեկացրել է՝ Կիևի դիրքորոշումն անփոփոխ է. ծովային նավահանգիստների շահագործման համար երկրին անհրաժեշտ են ռազմական տեխնիկա և երրորդ երկրների ուժերի ներկայությունը Սև ծովում։

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԴ ԲԱԼԹՅԱՆ ՆԱՎԱՏՈՐՄԻ ՄԱՍՇՏԱԲԱՅԻՆ ՎԱՐԺԱՆՔՆԵՐԸ

Բալթիկ ծովում և Կալինինգրադի մարզում մարտական պատրաստության զորահրաձգարաններում մեկնարկել են ՌԴ Բալթյան նավատորմի մասշտաբային վարժանքները, որոնցում ներգրավված են շուրջ 60 վերջրյա ռազմանավեր, ավելի քան 40 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև 2000 միավոր ռազմատեխնիկա:

ՌԴ ՊՆ հայտարարության համաձայն՝ մինչև հունիսի 19-ը նախատեսված զորավարժությունների նպատակն է բարձրացնել Բալթյան նավատորմի ռազմական հրամանատարության և ողջ անձնակազմի պատրաստվածության մակարդակը:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանի Բալթյան նավատորմի զորավարժություններն անցկացվում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմածովային զորավարժությունների ֆոնին։ Հունիսի 5-16-ը Բալթիկ ծովի կենտրոնական և հարավային հատվածներում, ինչպես նաև Գերմանիայի, Շվեդիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների առափնյա զորահրաձգարաններում անցկացվում են Baltops 2022 զորավարժությունները։

Դրանց մասնակցում են ՆԱՏՕ-ի 14 երկիր, 44 նավ և շուրջ 100 ինքնաթիռ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն