Թուրքիան լիակատար սնանկացման եզրին է. էկոնոմիկայի նախկին նախարար Բաբաջան
Թուրքական ընդդիմադիր DEVA կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը չորեքշաբթի ասել է, որ երկիրը գտնվում է լիակատար սնանկացման եզրին՝ հաղորդում է T24 լրատվական կայքը։
Բաբաջանը քննադատել է կառավարությանը տնտեսությունը վատ կառավարելու համար:
«Ես անհանգստացած եմ, քանի որ մեր երկրի դեֆոլտի, այն է՝ սնանկության ռիսկը հասել է աննախադեպ մակարդակի։ Մեր երեխաների ապագան վտանգված է, կանգնած ենք տնտեսական և ֆինանսական գոյատևման խնդրի առաջ։ Թուրքիայի վարկային վարկանիշն իջել է պատմության մեջ ամենավատ մակարդակին: Կոչ եմ անում կառավարությանն անհապաղ կատարել իր պարտավորությունները»,- ասել է Բաբաջանը։
Ալի Բաբաջանն Էրդողանի կառավարության օրոք եղել է էկոնոմիկայի նախարար, արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ։
«Ի՞նչ է դեֆոլտը Թուրքիայի համար, ի՞նչ է սնանկությունը։ Դա նշանակում է, որ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող վճարել իր ներկրած բնական գազի և նավթի համար։ Սնանկությունը նշանակում է, որ տարրական կարիքները, ինչպիսիք են գազը, դիզվառելիքը, նույնիսկ փողով հնարավոր չէ ապահովել: Սնանկությունը նշանակում է էլեկտրաէներգիայի համատարած և երկարատև անջատումներ ամբողջ երկրում: Սնանկությունը նշանակում է ամբողջական տնտեսական և ֆինանսական կոլապս։ Սնանկություն նշանակում է քաոս»,- ահազանգել է Բաբաջանը:
Նախկին փոխվարչապետն Էրդողանին կոչ է արել անհապաղ փոխել երկրի տնտեսության ու ֆինանսների կառավարումը։
«Անմիջապես որոշում կայացրեք, արեք այն, ինչ անհրաժեշտ է խելամտության և գիտության վրա հիմնված տնտեսություն ու ֆինանսներ կառավարելու համար: Անհապաղ որակյալ կադրեր նշանակեք Կենտրոնական բանկում և Թուրքիայի վիճակագրական ինստիտուտում ու մի՛ միջամտեք այս անկախ ինստիտուտներին»,- ասել է Բաբաջանը: