Մեղրիի մաքսակետը՝ վերակառուցումից առաջ
Օրը ամենապակասը 150, երբեմն՝ 200-ից շատ բեռնատար է հատում հայ-իրանական սահմանը։ Ապրանքաշրջանառության մեծացած նման ծավալները Մեղրիի մաքսակետն իր թողունակությամբ արդեն դժվարությամբ է սպասարկում։ Պայմաններն էլ այն չեն ասում է՝ ֆուռի ղեկին 11 տարի այս գծում աշխատող թավրիզցի վարորդը։
Հերթը, այո՛, հասել է Մեղրիի մաքսակետի արդիականացմանը։ Աշխատանքների մեկնարկից առաջ Պետեկամուտների կոմիտեի նախագահը ծրագիրը ֆինանսավորող Եվրամիության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակների ղեկավարներին է ներկայացրել նախագծի մանրամասները․ ի՞նչ ունենք հիմա և ի՞նչ պայմաններ են լինելու մաքսակետի նորոգում-վերազինումից հետո։
Ռուստամ Բադասյան (ՀՀ ՊԵԿ նախագահ) - Այսպիսով՝ ի՞նչ ենք ուզում ունենալ վերակառուցումից հետո, որ սահմանի հատման կետում բեռների և ուղևորների անցման գործընթացը սահուն և արագ ընթանա։ Դրա համար մենք կարիք ունենք ռիսկերի կառավարման համակարգի․ ծրագիրը կա, կատարելագործել ենք։ Խնդիրն այն երկրի մուտքի առաջին կետ տեղափոխելն է, որ եթե համակարգն անհրաժեշտ համարի, բեռնատարն անմիջապես ուղարկվի Rapiscan սքանավորման, եթե ոչ՝ արդեն ձևակերպումների։ Մենք նաև ապրանքների ներմուծման նախնական մաքսային հայտարարագրման մեխանիզմ ենք ներդրել, և եթե ապրանքի բացթողնման գործընթացը բիզնեսի համար նախկինում տևում էր 2-3 օր, դրա օգնությամբ հիմա ամբողջը 1 ժամում, 50 րոպեում, երբեմն՝ կես ժամում ավարտվում է:
Ո՞ր կետից են մեքենաները մուտք գործելու մաքսային տարածք, ի՞նչ արագությամբ անցնեն փաստաթղթային ձևակերպումների փուլը, եթե որևէ ռիսկ, կասկած կա, բեռը որտե՞ղ և ինչպիսի՞ սարքերով պետք է զննում անցնի՝ Ռուստամ Բադասյանը քայլ առ քայլ պատմել է երկրի հարավային դարպաս այցելած հյուրերին։ Հորդորել, հետո համեմատելու համար հիշել այժմյան վիճակը։
Մեղրիի նոր մաքսակետն ունենալու է մուտք-ելքի 5 հոսքագիծ, կշեռքներ, տեղադրվելու է նաև բեռնատարների ռենտգեն զննության վերջին սերնդի սարք։ Կունենան 4000 քմ միայն ավտոկայանատեղի, տարածքն այժմյանից 1,5 անգամ մեծ կլինի՝ նախագծի մանրամասներն է ներկայացնում Հարավային մաքսատուն-վարչության պետը։
Արտաշես Ղամբարյան (ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության պետ) - Հաշվի առնելով ուղևորների և մեքենաների հոսքի աճը՝ նորի կարիքը կա: Այստեղ կլինեն ռենտգեն զննման սարք, լաբորատորիա, բեռների մանրամասն զննման անգար:
Բիզնեսի համար կարևորը՝ մաքսային գործընթացները չձգձգվեն․ մեքենան բարձած ինչքան երկար կանգնեց՝ տրանսպորտային ծախսերն այդքան թանկացնում են ապրանքը՝ բացատրում են վարորդները։
Շինարարական աշխատանքները Մեղրիի մաքսակետում կսկսվեն առաջիկա ամիսներին։ Արդիականացումը կտևի մոտ 3 տարի։