ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՀԵՏ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Անկարայում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ: Դիվանագետներն անդրադարձել են Հարավային Կովկասում զարգացումներին, 3+3 տարածաշրջանային ձևաչափի աշխատանքներին:

Անդրադարձ է եղել նաև Սիրիայում Թուրքիայի գործողություններին, Ուկրաինայում հակամարտությանը, ինչպես նաև միջուկային բանակցություններին: Իրանի ԱԳ նախարարը հայտնել է, որ թուրքական կողմին կփոխանցվեն երկարաժամկետ գործակցության շուրջ աշխատանքների վերաբերյալ Իրանի առաջարկները:

ՌԴ ԶՈՒ-Ն ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԿՐԵՄԵՆՉՈՒԳ ՔԱՂԱՔԻՆ

Ռուսական Զինված ուժերը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքին՝ տեղեկացրել է Վոլոդիմիր Զելենկին։ Նախագահի խոսքով՝ հրթիռներ են ընկել «Ամստոր» առևտրի կենտրոնի վրա, ուժեղ հրդեհ է բռնկվել, հարվածի պահին շենքում եղել է ավելի քան 1000 քաղաքացիական անձ։

Տուժածների մասին հստակ տեղեկություններ դեռ չկան, նախնական տվյալով՝ զոհերի թիվը գերազանցել է 18-ը, հրդեհն արդեն մարվել է:

Ուկրաինական կողմը տեղի ունեցածն ահաբեկչական գործողություն է որակել։ Ռուսական կողմն արձագանքել է Կիևի մեղադրանքներին.

Իգոր Կոնաշենկով (ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Հունիսի 27-ին Կրեմենչուգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածել են ամերիկյան և եվրոպական զենքերի պահեստններին, զինամթերքը պայթել է, ինչ հետևանքով հրդեհ է բռնկվել հարակից չգործող առևտրի կենտրոնում։

G7-Ի ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆԴՈՒՆԵԼ

Մեծ Յոթնյակի գագաթնաժողովի անդամ երկրների ղեկավարները եզրափակիչ հայտարարություն են ընդունել. Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Կանադան, Ճապոնիան և Իտալիան պարտավորվում են թույլ չտալ, որ պատժամիջոցները, այդ թվում՝ հակառուսական, ազդեն պարենային ոլորտի վրա։

Յոթնյակը նաև լրացուցիչ 4,5 միլիարդ դոլար կհատկացնի բնակչության առավել խոցելի շերտերին սովից պաշտպանելու համար։ Այսպիսով՝ 2022 թվականին համաշխարհային պարենային անվտանգությունն ապահովելու համար G7-ի հատկացրած գումարը գերազանցում է 14 միլիարդը։

Եզրափակիչ հայտարարության մեջ նշված է, որ G7-ը պատրաստ է քննարկել անվտանգության երկարաժամկետ երաշխիքների հարցը շահագրգիռ բոլոր երկրների հետ: Միևնույն ժամանակ անդամ երկրները Չինաստանին կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ դադարեցնելու ուկրաինական հակամարտությունը: Մեծ յոթնյակի երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինայի վերականգնմանը և հաստատել են իրենց հանձնառությունը՝ աստիճանաբար նվազեցնելու կախվածությունը ռուսական էներգակիրներից:

ԿԻԵՎԸ՝ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ԺԱՄԿԵՏԻ ՄԱՍԻՆ. ԿՐԵՄԼԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

G7-ի առաջնորդների հետ տեսակապի ձևաչափով հանդիպմանը Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է՝ Կիևը ցանկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի մինչև ձմեռ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է նախագահի այդ խոսքերին.

Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - Ուկրաինական կողմի ցանկության դեպքում ամեն ինչ կարող է դադարեցվել նույնիսկ մինչև այս օրվա վերջ. պետք է ուղղակի ազգայնական ստորաբաժանումներին, ուկրաինացի զինվորականներին հրամայել վայր դնել զենքը և կատարել Ռուսաստանի պայմանները։

Նա նշել է նաև, որ պաշտպանության նախարարությունը շարունակում է աշխատել Ռուսաստանի արևմտյան սահմանների ամրապնդման ուղղությամբ. Պեսկովի խոսքով՝ ՆԱՏՕ-ի գործողությունների հետևանքով նոր վտանգներ են առաջացել:

Պաշտոնյան խոսել է Լիտվայի իշխանությունների որոշման մասին, որի համաձայն հունիսի 17-ից հակառուսական պատժամիջոցների պատճառով որոշ ապրանքներ այլևս չեն կարող Ռուսաստանից Կալինինգրադի մարզ տեղափոխվել Լիտվայի տարածքով:

«Բեռների տեղափոխման հարցում առաջընթաց չկա», - ընդգծել է խոսնակը:

ՌԴ ԱԳՆ-ից ավելի վաղ զգուշացրել էին՝ եթե Վիլնյուսը մոտ ապագայում բեռնափոխադրումը ամբողջությամբ չվերականգնի, Մոսկվան իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել՝ պաշտպանելու երկրի ազգային շահերը:

ԿԱՊԿԻ ԾԱՂԿՈՎ ՎԱՐԱԿՄԱՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 3 410 ԴԵՊՔ՝ 50 ԵՐԿՐՈՒՄ

2022 թվականին 50 երկրում հաստատվել է կապկի ծաղկով վարակման ավելի քան 3410 դեպք, հայտնի է մահվան մեկ դեպքի մասին, այն արձանագրվել է Նիգերիայում՝ հայտնում են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

Դեպքերի 86%-ը հայտնաբերվել է Եվրոպայում։ Երկրորդ տեղում Ամերիկան է, երրորդում՝ Աֆրիկան: Հիվանդացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Մեծ Բրիտանիայում է, Գերմանիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Նիդեռլանդներում:

ԱՀԿ-ի տվյալով՝ վարակվածները հիմնականում տղամարդիկ են: Հիվանդության տարածման վտանգը կառույցը գնահատում է որպես չափավոր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն