Իրանի նոր հայտն ու հայկական աշխատանքի լատինամերիկյան դաշտը
Իրանը դիմել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու համար: Դա կազմակերպություն է, որը ձևավորել էին հինգ պետություն՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան հանրապետությունն ու Բրազիլիան: Կազմակերպությունը տնտեսական է, սակայն կասկածից վեր է, որ միջազգային որևէ տնտեսական միավորման խոշոր նախաձեռնություն անխուսափելիորեն ստանում է քաղաքական նշանակություն, եթե չասենք, որ հենց քաղաքական նկատառումներն էլ դառնում են այդօրինակ նախաձեռնությունների խթան: Ասել, թե ԲՐԻԿՍ-ը միջազգային մեծ դերակատարում ունեցող միավորում է, անշուշտ կլինի չափազանցություն, սակայն այն կա, տարիներ շարունակ գործում է և այդ իմաստով իհարկե գուցե ոչ մեծ, բայց գործոն է միջազգային քաղաքական անցուդարձի համատեքստում: Այդ առումով, Իրանի դիմումն ու հնարավոր անդամակցությունը անշուշտ ավելացնում են այդ գործոնի ազդեցությունը կամ նշանակությունը, հատկապես, եթե հաշվի առնենք և այն, որ անդամակցության դիմում ներկայացրել է ոչ միայն Իրանը, այլ նաև Արգենտինան: Սա ևս ուշադրության արժանի հանգամանք է, եթե դիտարկենք նաև արգենտինա-բրիտանական բարդ հարաբերության, կոնֆլիկտային պատմությունը և համադրենք այն ներկայումս Ուկրաինայի վրա ծավալվող աշխարհակարգային պայքարում բրիտանական քաղաքականության ու դերակատարության էական «մասնաբաժնի» համատեքստում: Ինչ խոսք, Շվեդիայի և Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցության հարցի ռազմա-քաղաքական բովանդակությունը այսպես ասած նոմինալ տեսանկյունից համադրելի կամ համեմատելի չէ ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Իրանի և Արգենտինայի դիմումին, սակայն զուգահեռն իրապես արժանի է ուշադրության, հատկապես, որ դրա մի «հատվածը» անմիջականորեն շոշափելու է նաև մեր ռեգիոնը բառի թե նեղ, թե մեծ իմաստով՝ հաշվի առնելով Իրանի հանգամանքը:
Միաժամանակ, Արգենտինայի հանգամանքը ևս պակաս ուշագրավ չէ, հաշվի առնելով թե տեղի հայ համայնքի հանգամանքը, որը իհարկե ոչ ամենից մեծ և ամենից զորեղ, սակայն բավականին կենսունակ համայնք է, և թե ընդհանրապես լատինամերիկյան ռեգիոնի գործոնը, մասնավորապես Ուրուգվայի՝ որը թերևս բավականին քիչ նկատված, սակայն Հայաստանի անվտանգության և մասնավորապես արցախյան հարցում հայկական հետաքրքրություններին առավելագույնս համահունչ դիրքորոշումներ արտահայտած երկիր է: Այդ իմաստով, միջազգային քաղաքական անցուդարձում լատինամերիկյան ռեգիոնի «մասնակցայնության» աստիճանի որևէ բարձրացում կարող է Հայաստանի համար դիտվել քաղաքական մանևրի հնարավորությունների աճի համատեքստում: Իհարկե հնարավորություններ, որոնք դեռ պետք է կարողանալ օգտագործել: