Ուկրաինական հակամարտության տնտեսական հետևանքները մի շարք երկրներում ճգնաժամի պատճառ են դարձել
Ուկրաինայում 3 ամսից ավել շարունակվող ռազմական գործողությունները, երկրից հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրները, ռուսական արտադրանքի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները, պարենի և էներգակիրների միջազգային գների բարձրացումը, ինչպես նաև լոգիստիկ շղթաների խախտումը կարող են աղետալի հետևանքներ ունենալ նաև Դոնբասից հազարավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող տարածաշրջանների և երկրների համար: Միջազգային փորձագետներն ահազանգում են աշխարհի տարբեր անկյուններում նոր ճգնաժամերի հավանականության մասին, ինչի առաջին դրսևորումները նկատելի են մի շարք երկրներում:
Էկվադորում 2 շաբաթ չեն դադարում զանգվածային բողոքի ակցիաները, որոնց հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի. ցուցարարների հիմնական պահանջն է՝ նվազեցնել բենզինի գները և երկրում հանցավորության աճի ֆոնին ապահովել քաղաքացիների անվտանգությունը։ Ակցիաների մասնակիցները փակել են մի շարք խոշոր մայրուղիներ, արդյունքում խնդիրներ են առաջացել կենսական կարևորության ապրանքատեսակների, ինչպես նաև վառելիքի մատակարարումների հետ կապված։
Իշխանությունները հունիսի ընթացքում երկրորդ անգամ 30 օրով արտակարգ դրություն են հայտարարել երկրի 4 նահանգում։ Նախագահ Գիլերմո Լասսոն հայտարարել է, որ կառավարությունը կդիտարկի բենզինի և դիզվառելիքի գները նվազեցնելու հնարավորությունը։ Նա մտահոգություն է հայտնել, որ գների հարկադիր փոփոխության հետևանքով կառավարությունը ստիպված է տարեկան մոտ 216 մլն դոլարի ծախսել։
Այժմ ցույցի կազմակերպիչները սպասում են երկրի իշխանությունների հետ բանակցությունների վերսկսմանը: Պետական կառավարման նախարարի խոսքով՝ երկխոսությունը հնարավոր կլինի կաթոլիկ եկեղեցու միջնորդությամբ։
Բարդ իրավիճակ է նաև Պերուում և Արգենտինայում. բեռնափոխադրողները մեկ շաբաթից ավել է՝ բողոքում են դիզվառելիքի սակավության և պարենային ապրանքների գնաճի դեմ, վարորդները փակել են մայրուղիները, նավահանգիստներով հացահատիկի ներմուծումը մեկ շաբաթվա ընթացքում կրճատվել է 76%-ով:
«Հունիսի 28-ին ընդամենը 754 բեռնատար է մուտք գործել Արգենտինայի նավահանգիստները, մինչդեռ մեկ շաբաթ առաջ այդ թիվը գերազանցել է 3000-ը»,- հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Բեռնափոխադրողների գործադուլի պատճառով խափանվել է 350 հազար տոննա հացահատիկային մշակաբույսերի արտահանումը, իսկ վառելիքի պակաս է նկատվում երկրի գրեթե բոլոր շրջաններում:
Նույնն է պատկերը Շրի Լանկայում՝ զանգվածային բողոքներ, երթևեկության արգելափակում, վառելիքի պակասի խնդիրը լուծելու, էներգամատակարարման խափանումները կարգավորելու կոչեր. ցույցերի ընթացքում զոհվել է 8 մարդ. շուրջ 22 միլիոն բնակչություն ունեցող կղզի-պետությունը բախվել է վերջին տասնամյակների տնտեսական ամենածանր ճգնաժամին:
Կառավարությունը հայտարարել է՝ երկրում առկա վառելիքը կբավականացնի ևս մեկ շաբաթ, ուստի իշխանությունները ստիպված են սահմանափակել տրանսպորտի, առողջապահության ոլորտների գործունեությունը: Այժմ բանակցություններ են տարվում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ. երկիրն ակնկալում է՝ 3 միլիարդ դոլարի աջակցության փաթեթ ստանալ։ Շրի Լանկայի վարչապետը, սակայն, հայտարարել է՝ տնտեսությունը փլուզվել է, երկիրը կանգնած է դեֆոլտի առաջ:
Համաշխարհային վերջին զարգացումներն առավել շատ են ազդել Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների վրա, որոնք ուղղակիորեն կախված են ուկրաինական հացահատիկի մատակարարումներից։
Մալավիի բնակիչները բողոքում են պարենամթերքի բարձր գներից, հազարավոր մարդիկ պայքարում են սնունդ հայթայթելու համար: Երկրում ինֆլյացիան գերազանցել է 19%-ը, վառելիքի գինը միջինում բարձրացել է 35%-ով: Ցուցարարները պահանջում են նախագահի հրաժարականը՝ մեղադրելով նրան տնտեսությունը վատ կառավարման համար։
Լիբիայի նավթային ընկերություններն էլ ցույցերի և քաղաքական իրավիճակի վատթարացման ֆոնին դադարեցրել են նավթի արդյունահանումը։
ՄԱԿ-ի փորձագետները համոզված են՝ ուկրաինական հակամարտության հետևանքներ աշխարհն առավել սուր կզգա 2023 թվականին։