Դժվար է գերագնահատել դատախազության և դատախազի՝ որպես ինստիտուտի կարևորությունը պետության ինստիտուցիոնալ կայացման և իրավական անվտանգության ապահովման գործում՝ դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Պատժի անխուսափելիության սկզբունքը պետության կայացման ամենակարևոր գործոնն է: Եթե մենք ի վիճակի չլինենք պատժել քչերին, ապա անուղղակի կամ ուղղակի անարդար պատժի կարժանանան շատերը: Եվ այս առումով ուզում եմ ընդգծել, որ դատախազությունը, այո՛, որպես ինստիտուտ կայացած է, բայց ինձ շատ դուր է գալիս այն միտքը, որ մենք բոլորս գիտակցում ենք՝ իրավունքը, օրենքը և նաև քրեական իրավունքը զարգացող գործընթաց են, և մենք պետք է անպայման այդ զարգացումները խթանենք, այդ զարգացումների նկատմամբ հետևողական լինենք և կարողանանք համահունչ լինել ժամանակի պահանջներին: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով:

Կառավարության կարևոր քաղաքական ձեռքբերում Փաշինյանը համարել է բանտերի կիսադատարկ լինելը: Նաև արձանագրել՝ Հայաստանում դեռևս շարունակում է դժվարանալ նախաքննություն վարելը մեղադրյալի կալանավորված չլինելու պայմաններում:

Նիկոլ Փաշինյան - Երբ խոսում են իրավունքի և իրավական մտքի զարգացման մասին, ինձ համար ամենակարևոր չափանիշը հետևյալն է՝ թե ինչքանով կարող է մեր երկրում նախաքննությունը լինել արդյունավետ և արդյունքում պատիժը լինել անխուսափելի՝ այն պայմաններում, երբ մեղադրյալն անազատության մեջ է, մեղադրյալը կալանքի տակ չէ: Սա, իհարկե, իմ ոչ պրոֆեսիոնալ հայացքի և աչքի համար ամենակարևոր, բարձր մակարդակն է, երբ կարելի է մեղադրյալի՝ ազատության մեջ գտնվելու պայմաններում վարել նույնքան արդյունավետ նախաքննություն, որքան կալանքի պարագայում: Իհարկե, հասկանալի է՝ կան դեպքեր, որ կալանքն ուղիղ բխում է նախաքննության շահերից և անհրաժեշտությունից:

Երկրի ղեկավարն ընդգծել է նաև հակակոռուպցիոն պայքարի և պետական կառավարման համակարգի արդյունավետության կարևորությունը, կարևոր գործոն համարել իրավապահ համակարգի աշխատողների սոցիալական երաշխիքների ամրապնդումը:

Նիկոլ Փաշինյան - Ես ուզում եմ նաև կոռուպցիայի դեմ պայքարը կապել այս խնդրի լուծման հետ. ինչո՞ւ են մեզ մոտ աշխատավարձերը ցածր, որովհետև պետությունը ձեզ և մեզ հայտնի հանգամանքների բերումով ի վիճակի չի լինում հաճախ կոնսոլիդացնել ամբողջ պետական այն ռեսուրսները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում: Այսինքն՝ եթե խոսում ենք կոռուպցիայի մասին, ավելի պարզ այն հետևյալն է. դրանք այն արգելակներն են, որոնք թույլ չեն տալիս, որ այն միջոցները, որոնք պետք է կենտրոնանան պետական բյուջեում, կենտրոնանան պետական բյուջեում: Հետևաբար, կոռուպցիայի դեմ պայքարն է ամենակարևոր միջոցը, որով պետք է գեներացնենք այն անհրաժեշտ միջոցները, որով պետք է ապահովենք մեր պետական ծախսերը, ներառյալ պետական և իրավապահ համակարգի սոցիալական երաշխիքների համակարգը:

Գործադիրի ղեկավարը հայտնել է՝ բոլոր խնդիրները կապված են պետական ինստիտուտների կայացման հետ: Թերությունը պետք է փնտրել առանց բացառության բոլոր պետական ինստիտուտներում՝ նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյան - Սկսած բանակից, զինված ուժերից շարունակած նախարարություններով, գերատեսչություններով, տեղական ինքնակառավարման մարմիններով: Իսկ այս ամենի հիմքը, իհարկե, պետք է փնտրենք կրթության և կրթական համակարգի մեջ՝ սկսած նախնական դպրոցական կրթությունից, հանրակրթությունից, բարձրագույն կրթությունից և հետբուհական կրթությունից:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ դատախազի աշխատանքն առավել դժվարացել է պատերազմից հետո: Էմոցիաներին ավելացել են նոր էմոցիաներ, ողբերգություններին՝ նոր ողբերգություններ՝ ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյան - Դատախազը մեր ամենահայտնի հեքիաթներից մեկի՝ «Հազարան բլբուլի» հերոսի նման պետք է կարողանա հաղթահարել բարձունքն առանց շեղվելու կողքից հնչող, գայթակղող և վախեցնող ձայներից: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ձեր կատարած աշխատանքի համար, որ, ահա, այդպիսի հետևողական, ամուր և հաստատուն քայլերով մենք գնում ենք առաջ:

Օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական պարգևներ է հանձնել դատախազության համակարգի մի շարք աշխատակիցների:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն