ԵՐԵՎԱՆԸ՝ ՌՈՒՍ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆ

Երևանը, ըստ 2022 թվականի հուլիսի չվացուցակների, ռուսաստանցիների զբոսաշրջային ամենանախընտրելի ուղղություններից մեկն է: Aviasales ընկերության տվյալով՝ ճանապարհորդական ամենապահանջված ուղղությունների տասնյակում Հայաստանը 7-րդն է: Այդ ցանկում են նաև Ստամբուլը և Անթալիան:

«Ներքին ամենապահանջված ուղղություններն են Սոչին, Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Կալինինգրադը, Մախաչկալան, Մինվոդին և Կազանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

ՔՈՒՐԴ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՄԱՆ ՀԱՐՑԸ ՉԻ ՔՆՆԱՐԿՎԵԼ. ՀԱԱՎԻՍՏՈ

Հելսինկիի և Անկարայի ներկայացուցիչները Մադրիդում ՆԱՏՕ-ի հունիսի 28-30 կայացած գագաթնաժողովի շրջանակում չեն քննարկել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ առնչություն ունեցող անձանց Թուրքիային արտահանձնելու հարցը՝ հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն։

Նա հիշեցրել է, որ Թուրքիան, Ֆինլանդիան և Շվեդիան անվտանգության ապահովման մասին համատեղ հուշագիր են ստորագրել, փոխարենը Անկարան համաձայնել է Հյուսիսատլանտյան դաշինքին սկանդինավյան երկու երկրների անդամակցությանը։

Փաստաթղթի համաձայն՝ երկրները կգործակցեն Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում և կվերացնեն Հանրապետության դեմ ռազմական մատակարարումների էմբարգոն։ Համաձայնագրի ստորագրումից հետո նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Շվեդիան խոստացել է Անկարային արտահանձնել ահաբեկչական գործունեություն իրականացնելու համար կասկածվող 73 անձի։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԿԻԵՎԻՆ

Վոլոդիմիր Զելենսկին մտահոգություն է հայտնել, որ աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը, նա դիմել է բոլոր երկրների առաջնորդներին՝ կոչ անելով աջակցել Կիևին։

«Եվրոպայում և աշխարհում մարդիկ չեն ցանկանում մտածել պատերազմի մասին. բոլորն էլ ուզում են, որ պատերազմը շատ հեռու լինի։ Սակայն պետք է միշտ մտքում պահենք ստեղծված իրավիճակը, որ պատերազմի աշխարհագրությունը չընդլայնվի»,- ընդգծել է Զելենսկին:

Նա նաև զգուշացրել է՝ համաշխարհային շուկաներ ուկրաինական հացահատիկի մատակարարումների և սևծովյան նավահանգիստների աշխատանքի դադարեցման հետևանքով աֆրիկյան և ասիական երկրները կարող են բախվել սովի։

ԱՄՆ-Ը ԿԻԵՎԻՆ 820 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ

Վաշինգտոնն Ուկրաինային 820 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի՝ տեղեկացրել են Պենտագոնում: Այն կներառի NASAMS զենիթահրթիռային երկու համակարգ, նախկինում մատակարարված HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի համար զինամթերք, ինչպես նաև 150,000 հրետանային արկ և հակամարտկոցային ռադարներ։

Պաշտպանության նախարարության տվյալով՝ Ջո Բայդենի նախագահության ընթացքում ԱՄՆ-ը Ուկրաինային տրամադրել է մոտ 7,6 միլիարդ դոլարի ֆինանսական և ռազմական օգնություն։

ԼԻԲԻԱՅՈՒՄ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԳՐԱՎԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԸ

Լիբիայի Թոբրուք քաղաքում ցուցարարները գրավել են խորհրդարանի շենքը: Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ ակցիայի մասնակիցներն այրել են պաշտոնական փաստաթղթեր, աշխատասենյակներ և ընդունելությունների սրահներ:

Ցույցեր են անցկացվել նաև մայրաքաղաք Տրիպոլիում։ Ցուցարարները պահանջում են նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ինչպես նաև կարգավորել երկրում էլեկտրաէներգիայի հետ կապված ճգնաժամը:

Լիբիայի մի շարք խոշոր քաղաքներում արդեն մի քանի օր է՝ զանգվածային բողոքի ակցիաներ են անցկացվում: Երկրի Ազգային միասնության կառավարության ղեկավար Աբդելհամիդ Բեյբան համերաշխություն է հայտնել ցուցարարներին։ Նրա կարծիքով՝ կառավարությունը պետք է հրաժարական տա, երկրում պետք է նոր ընտրություններ անցկացվեն։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն