ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ այսօր նախագահ Բայդենին ուղղված նամակում խոստացել են ձեռնարկել իրենց լիազորությունների շրջանակներում բոլոր միջոցները՝ արգելափակելու ամերիկյան F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային՝ հաշվի առնելով Էրդողանի վարչակարգի բռնաճնշումները երկրի ներսում և ագրեսիան Հունաստանի, Կիպրոսի, հայերի և քրդերի դեմ՝ հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր «միացել են այս երկկուսակցական կոչին և աջակցում են Թուրքիային F-16 կործանիչների անխոհեմ վաճառքը արգելափակելուն միտված օրենսդրական նախաձեռնություններին»:

Կոնգրեսականների նամակում մասնավորապես նշվում է. «Թուրքիայի և դրա կողմից սատարվող ուժերն այս ներխուժումների ժամանակ օգտագործել են ամերիկյան արտադրության զենք և բաղադրամասեր՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար, այդ թվում՝ նպատակաուղղված ռմբակոծելով քաղաքացիական թիրախները, ինչպիսիք են հիվանդանոցներն ու դպրոցները Իրաքում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում: Դրանք նաև բազմիցս օգտագործվել են ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկերների՝ մասնավորապես Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխան տարածքը խախտելու համար: Սրանք հազիվ թե կարելի է դիտարկել որպես Միացյալ Նահանգների և Եվրոպայի հավատարիմ դաշնակցի գործողություններ»:

Նամակում ասվում է. «Նախադեպերը ցույց են տալիս, որ Էրդողանը չի փոխի իր վարքագիծը, եթե մենք շարունակենք խրախուսել ՆԱՏՕ-ի դաշինքը խաթարելու նրա ջանքերը։ Միացյալ Նահանգները չպետք է հետագա աջակցություն ցուցաբերի Թուրքիայի զինված ուժերին, քանի դեռ շոշափելի քայլեր չեն ձեռնարկվել՝ դադարեցնելու ապակայունացնող գործողությունները և միջազգային իրավունքի խախտումները երկրի ներսում և արտերկրում»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն