«Ուկրաինան հաստատում է իր մասնակցությունը «հացահատիկային միջանցքի» շուրջ քառակողմ հանդիպմանը, որը կկայանա հուլիսի 13-ին Ստամբուլում։ Այս մասին RBC-Ukraine-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի խոսնակ Օլեգ Նիկոլենկոն։

Նա, մասնավորապես, պարզաբանել է, որ Կիևը կողմ է, որ ուկրաինական հացահատիկի արտահանման ապաշրջափակման հարցը լուծվի ՄԱԿ-ի հովանու ներքո։

«Այս համատեքստում մենք երախտապարտ ենք գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին մեր պետության հարավային շրջանների անվտանգությունն ապահովող լուծում գտնելու ակտիվ ջանքերի համար»,- ասել է Նիկոլենկոն։

Նրա խոսքով, հուլիսի 13-ին Ստամբուլում նախատեսված է քառակողմ հանդիպում Ուկրաինայի, ՄԱԿ-ի, Թուրքիայի եւ Ռուսաստանի փորձագետների մասնակցությամբ։ Կքննարկվեն հացահատիկի արտահանման համար ծովային միջանցքների գործարկման եղանակները։

«Միևնույն ժամանակ, անվտանգության հարցերը կմնան ուկրաինական կողմի դիրքորոշման առանցքային տարր»,- հավելել է Նիկոլենկոն։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է Ստամբուլում «հացահատիկային միջանցքի» շուրջ քառակողմ հանդիպման մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն