Հարված է հասցվել Ուկրաինայի կենտրոնական Վինիցա քաղաքին, կան տասնյակ զոհեր և վիրավորներ
Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի կենտրոնում գտնվող Վինիցա քաղաքին, հաղորդում է BBC-ն։ Ըստ Ուկրաինայի իշխանությունների՝ հրթիռները հարվածել են գրասենյակային համալիրի և բազմաբնակարան շենքերի։
Ըստ ուկրաինական կողմի՝ քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 20 զոհ, 90 վիրավոր։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ հարձակումն իրականացվել է Սև ծովում գտնվող սուզանավից՝ ծովային տեղակայման «Կալիբր» հրթիռային համալիրներից։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Վինիցային հասցված հարվածի մասին առայժմ մեկնաբանություն չի արել։ Սակայն, ավելի վաղ, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հայտնել են, որ ուկրաինական ուժերը գնդակոծել են Պանտելեյմոնովկա բնակավայրը, այնուհետև կարճ ժամանակ անց 21 ական են արձակել Ալեքսանդրովկա բնակավայրի ուղղությամբ։
Վերջին 1 օրվա ընթացքում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 6-ը՝ վիրավորվել։
Իսկ երեկ երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հերթական հարվածն են հասցրել ռուսական վերահսկողության տակ գտնվող Խերսոնի շրջանի Նովայա Կախովկա քաղաքին։