Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն այսօրվա ճեպազրույցում մեկնաբանել է Ուկրաինայի Վինիցա քաղաքին հասցված հարվածը՝ նշելով, որ ռուսական ուժերի թիրախում է եղել ռազմական օբյեկտ, որտեղ խորհրդակցություն էր անցկացվում։

«Ծովային տեղակայման բարձր ճշգրտության «Կալիբր» հրթիռներով հուլիսի 14-ին հարված է հասցվել Վինիցայի «Սպաների տան» շենքին։ Հարվածի պահին տվյալ ռազմական օբյեկտում անցկացվում էր խորհրդակցություն ուկրաինական ռազմաօդային ուժերի հրամանատարության և սպառազինության օտարերկրյա մատակարարների ներկայացուցիչների միջև՝ Ուկրաինայի զինված ուժերին ինքնաթիռների, հարվածային միջոցների մատակարարման, ինչպես նաև ավիացիոն պարկի վերանորոգման կազմակերպման հարցով։ Հարվածի հետևանքով խորհրդակցության բոլոր մասնակիցները ոչնչացվել են»,- հայտնել է Կոնաշենկովը։

Ուկրաինայի կենտրոնական Վինիցա քաղաքում հրթիռակոծության հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, 70-ից ավելին՝ վիրավորվել։ 39 մարդ անհետ կորած է:

Վինիցա քաղաքին հասցված հարվածը միջազգային բուռն արձագանք է առաջացրել։ Եվրոպական Միությունը դատապարտել է հարձակումը։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և Ճգնաժամերի կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ «բոլոր նրանք, ովքեր մեղավոր են այս վայրագությունների համար, պատասխանատվության կենթարկվեն իրենց գործողությունների համար՝ միջազգային իրավունքին համապատասխան»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն