Մեծ Բրիտանիայում 20 մարդուց 1-ը վարակված է կորոնավիրուսով
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Ազգային վիճակագրության գրասենյակին։ Գրեթե 3,5 միլիոն մարդ կամ 20 հոգուց մեկը վարակված է վիրուսով։ Նախորդ շաբաթվա տվյալներով՝ 25 մարդուն էր բաժին ընկնում մեկ վարակված։
Դեպքերի աճը պայմանավորված է կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածվող ենթատեսակներով՝ BA.4-ով-ով և BA.5-ով։ Այս ենթատեսակները վարակում են նաև նախկինում քովիդով հիվանդացածներին։
Տվյալները հավաքագրված են Մեծ Բրիտաիայում հազարավոր մարդկանց թեստավորման միջոցով՝ անկախ ախտանիշների առկայությունից՝ գնահատելու, թե որքան տարածված է վիրուսը։ Ըստ հետազոտության վերլուծական մասի ղեկավար Սարա Քրոֆթսի՝ վարակը նվազելու միտում ցույց չի տալիս։
Քովիդով հոսպիտալացվողների թիվը նույնպես աճում է, սակայն այդ ցուցանիշը նվազելու միտում ունի։
Միևնույն ժամանակ նշվում է, որ պատվաստանյութերն օգնում են պաշտպանել մարդկանց կորոնավիրուսի ծանր ընթացքից։