Եվրոպայում անոմալ շոգի հետևանքով անտառային հրդեհները չեն դադարում
Եվրոպական մի շարք երկրներում անոմալ շոգ է։ Պորտուգալիայում այս շաբաթ օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում հասել է 47 աստիճանի, Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 38, հարավում՝ մինչև 40 աստիճան տաքություն:
Պորտուգալիայի արևմուտքում հրշեջները փորձում են հսկողության տակ վերցնել մոլեգնող անտառային հրդեհները, որոնք արագորեն տարածվում են ուժեղ քամու պատճառով: Ոչնչացել են մի քանի բնակելի տներ, փակ են ավտոճանապարհները, ոչ մեծ բնակավայրերի բնակիչներին տարհանում են: Երկարեցվել է արտակարգ դրության ռեժիմը:
Ֆրանսիայում հրդեհներն արդեն ոչնչացրել են 7,5 հազար հեկտար անտառային տարածք: Ավելի քան 11 հազար մարդ տարհանվել է։ Հազարավոր հրշեջներ մասնակցում են հրդեհների մարմանը: Դրանց վերացման համար ներգրավել են մասնագիտացված ավիացիա:
Հրդեհներ են մոլեգնում նաև Իսպանիայի հարավ-արևմուտքում, որտեղ վերջին շաբաթվա ընթացքում կրակը ոչնչացրել է մոտ 5,5 հազար հեկտար անտառ։ Երկրի տարբեր շրջաններում պահպանվում է անտառային հրդեհների նոր բռնկումների ռիսկը: