Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաճիշտ և հուսալի ճանապարհն է. Էնթոնի Բլինքեն
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Էնթոնի Բլինքենը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը դրական քայլ արեցին՝ հանդիպելով Թբիլիսիում: Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները լուծելու ամենաճիշտ և հուսալի ճանապարհն է:
Հիշեցնենք՝ երեկ Թբիլիսիում, Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի միջնորդությամբ տեղի է ունեցել Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը:
Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը, որ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հասնելու ճանապարհին կարևոր է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորումը, ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան: