Ըստ Մատթևոս ավետարանչի` Հիսուս Քրիստոսը լեռան քարոզի ժամանակ ասում է՝ «Մի՛ կարծեք, թէ Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա. չեկա ջնջելու, այլ՝ լրացնելու»: Ասեց ու արեց, և սա պատմական փաստ է, որն իմիջիայլոց փաստագրված է նաև մեր Կողբացու ու Եղիշե վարդապետի կողմից:

Շոտլանդացի անթրոպոլոգ սըր Ջեյմս Ֆրեզերն օրինակ նկարագրում է մի հին ծես, որը տարածված էր Եգիպտոսում: Ձմռան արևադարձի օրը` այսինքն դեկտեմբերի 22ին, ուղիղ կեսգիշերին մարդիկ դուրս էին գալիս տաճարից ու գոչում «կույսը ծննդաբերեց, լույսը եկավ»: Աչքալուսանք էին իրար տալիս մեծ ավետիսի առթիվ: Այս ծեսը մոտ 4000 տարեկան է և նկարագրում է կույս կնոջ կողմից աստծու զավակ ծննդաբերելն ու կանացիության և մայրության կատարելատիպ դառնալը: Իմիջիայլոց առասպելի համաձայն Իսիդայի որդին հետո մահանում ու հարություն է առնում:

Եգիպտացիք միակը չէին, որ կույս աստվածամոր կերպարն ունեին: Օրինակ մեր Միհրը, ում պատվին մի տաճար կա Գառնիում, ծնվել է Արամազդի և կույս մահկանացու կնոջ համատեղ ծնողությամբ: Կա նաև վարկած, որ այդ աստվածածինն իրականում Անահիտն էր, ով նույնպես կույս էր: Համաշխարհային դիցաբանությունն այս պատմությունը վերագրում է իրանական մշակույթին` թեկուզ և հղում է անում հիմնականում Կողբացուն ու Եղիշե Վարդապետին, բայց Քրիտոսի ծնվելուց հազարամյակներ առաջ կույս աստվածածնի գաղափարի գոյության փաստը դրանից չի փոխվում: Նույն գաղափարը տարածված էր հույների, շումերների և բազմաթիվ այլ ազգերի առասպելների մեջ: 

Գաղափարախոսության առումով Քրիտոսի քարոզը հիմնված է, իրենից 300 տարի առաջ ապրած, Արիստոտելի քարոզած` հոգու հավերժության, Պլատոնի քարոզած` ստոիցիզմի և բազմաթիվ այլ փիլոսոփաների գաղափարների վրա: Բուն Հիսուսի գալուստը նախատեսվել էր դեռ Հին Կտակարանում, որտեղ Եսայի մարգարեն ասել է, որ՝ «Ահա կույսը պիտի հղիանա և մի որդի պիտի ծնի, և նրան պիտի կոչեն Էմմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ»: Այս մարգարեությունը գրվել է վերոհիշյալ ստոիկյանների ի հայտ գալուն զուգահեռ ժամանակահատվածում: 

Հիսուսը եկավ և ինչպես և ասել էր չջնջեց, այլ լրացրեց կամ ավելի շուտ փորձեց պարզաբանել: Հովհաննեսի ավետարանը, որը համարվում է սկզբնաղբյուրին ամենա մոտը, սկսում է հենց այդ պարզաբանումից. ասում է` «Սկզբից էր բանը և բանը Աստծու մոտ էր և բանը Աստված էր»: Այսինքն ուղիղ տեքստով ասվում է, որ Աստվածը բանականությունն է, որը բնական է չի կարող ի հայտ գալ այնպես, ինչպես դա ներկայացվում է Հին Կտակարանում` մեկ քամու տեսքով, մեկ կրակի, մեկ էլ մանկան... Հիսուսն ասում էր` Աստվածը բանականությունն է, ում պետք է երկրպագել «հոգով և ճշմարտությամբ» (Հովհ 4:23): Այսինքն մարդ կարա 40 տարի շարունակ ամեն Աստծո կիրակի պատարագի մասնակցի, ծոմ պահի, մոմ վառի, ամեն անգամ եկեղեցի տեսնելուց դեմքին խաչ քաշի, բայց եթե բանականության հետ չունի, ուրեմն նա Աստծու հետ կապ չունի: 

Ընդ որում, եկեղեցու փիլիսոփաները բավականին պարզ բացվածք են տվել, թե ինչպես է պետք ապրել, որպեսզի բանական, ասել է թե` քրիստոնյա մարդ լինես: Նրանք պնդում էին, իսկ իրենցից առաջ դա պնդում էին ստոիկները, որ ճշմարտությունը չորրորդ առաքինությունն է, որին հասնելու համար պետք է ունենաս ևս երեքը՝ խոհեմություն, զսպվածություն և խիզախություն: 

Ցավոք մարդկանց ճնշող մեծամասնության համար այս պարզ բանաձևը շատ բարդ էր Աստծուն գտնելու համար: Կամքի բացակայությունը մարդկանց անընդհատ խանգարում էր  հաղթահարել իրենց հպարտությունը, բարկությունը, ծուլությունը և մնացած «մահացու մեղքերը» ու հասնել ճշմարտության: Հետևաբար եկեղեցականները որոշեցին շարժվել Քրիստոսի մեկ այլ պատվիրանով՝ «ով ականջ ունի, նա կլսի, ով աչք ունի, նա կտեսնի» ու մարդկանց կույր ու խուլ զանգվածներին տվեցին իրենց ուղեղի հարմար հեշտ մարսելու կռապաշտությունը, իսկ ճշմարտությունը տեսնելու ունակներին՝ պայմանական «իլյումինատներին», իրենց հասանելիքը: 

Սիքստինյան կապելա մտնող խուլ-կույրը «տեսնում» է` ոնց ա մեծ սպիտակ մորուքով Աստված պապիկը Ադամին ստեղծում, իսկ «իլյումինատը» տեսնում է, թե ոնց է Միքելանջելոն ասում, որ մարդն է Աստծուն ստեղծում ի դեմս յուր բանականության, բայց միայն կամքի առկայության դեպքում: Այդպես է եղել եգիպտական բուրգերի ժամանակից, երբ տեսնում էր նա, ով կարողանում էր կամք դրսևորել ու բուրգի աստիճաններով բարձրանալ գագաթը, այդպես է նաև հիմա: Ուղղակի հնում ձմեռվա արևադարձին մարդկանց համոզում էին պաշտել աստվածածին կույսին, որ մարդիկ, փորձելով այդ կերպարին նմանվել, մի քիչ ավելի մարդավարի պահեն իրենց, իսկ հիմա նույն քրմերը համոզում են մարդկանց, որ Աստված չկա, որ մարդիկ հանուն ինչ-որ մտացածին, կեղծ աստծու իրար չփռթեն, աշխարհն էլ չսուզեն խավարի մեջ: Ու սրա մասին հենց Հիսուսն է ասել՝ «եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն: Բայց նույն բաները ձեզ պիտի անեն իմ անվան համար, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է» (Հովհ 15:20):

Հ.Գ. ձախ նկարում Իսիդա «աստվածածնի» 4րդ դարի որմնանկարն է: Աջում Մարիամ Աստվածածնի ամենահին (5րդ դարի) որմնանկարն է, Աստվածածին էր նա հռչակվել 431 թվականին Եփեսոսի տիեզերական ժողովում:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն