«Կրակ է թափվում» ոչ միայն Հայաստանի երկնքից
Հայաստանում արդեն ավանդաբար ամռան կեսին ջերմաչափի սնդիկը հատում է 40 աստիճանի սահմանը։ Սկզբում՝ չնահանջող ձմեռ, հետո՝ նոր ռեկորդներ սահմանել հավակնող ամառ․ սակայն մասնագետներն ասում են՝ եղանակային անոմալիաներն արդեն սովորական են դարձել։ Նախորդ տարվա համեմատ վերջին շաբաթվա ընթացքում հրդեհներն աճել են 34 տոկոսով։ Հայաստանի և աշխարհի ջերմային տատանումները՝ ստորև։
Ձմռանը համարժեք ամառ․ անոմալիա տարեսկզբից
Այն, որ տարին եղանակակլիմայական անոմալիաներով հարուստ է լինելու, պարզ էր արդեն առաջին եռամսյակից։ Մարտի 20-25-ին Հանրապետության որոշ շրջաններում ձյան շերտը հասավ 6 մետրի։ Ձմեռը չնահանջեց մինչև ամռան նախօրե․ մայիսի վերջին որոշ շրջաններում 5-10 սմ բարձրությամբ ձյան շերտ նկատվեց։
Հիմա էլ ամառն է եկել իր ողջ գործիքակազմով․ ջերմաչափի սնդիկը հասել է 41 աստիճանի։ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանի խոսքով՝ ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 5-7 աստիճանով։ Բայց սա արդեն արտառոց երևույթ չէ․
«Հատկապես վերջին տասնամյակում այս շոգերը հանրապետության համար սովորական երևույթ են դարձել, որովհետև գրեթե ամեն տարի կրկնվում են։ Հատկապես շատ ինտենսիվ շոգ է գրանցվել 2017-18-ին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում և Երևանում պահպանվեց 10-15 օր։ Ընդհանրապես, վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000-ականներ 40 աստիճան Երևանում և Արարատյան դաշտում գրանցվում էր միջինում 5 տարին մեկ անգամ, ապա 2000-2010 թթ․ դա կրկնվել է ամեն տարի։ Իսկ 2010-ից հետո դա տևում է ոչ թե 1-2 օր, այլ այդ ջերմային ալիքների տևողությունը միջինում պահպանվում է մինչև 5-7 օր»,- ասում է Սուրենյանը։
Հանրապետության պատմության մեջ ամենաշոգ օրը գրանցվել է 11 տարի առաջ՝ 2011 թվականի հուլիսի 31-ին, երբ Մեղրիում օդի ջերմաստիճանը հասավ 43.7 աստիճանի։ Երևանում այս տարվա հուլիսի 17-ին գրանցված 41 աստիճանը ռեկորդային չէ․ 11 թվականի նույն օրը ջերմաստիճանը մայրաքաղաքում հասել էր 42 աստիճանի։
Հորդորը նույնն է՝ խուսափել ուղիղ ճառագայթներից
Այնուամենայնիվ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ կատակել պետք չէր ոչ այն ժամանակ, ոչ հիմա։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը զգուշացնում է՝ դրանք իսկապես վտանգավոր են, ցերեկային ժամերին՝ 11-17-ն ընկած շրջանում արևից խուսափելը՝ անհրաժեշտ․
«Ուլտրամանուշակագույն բարձր ինդեքսի առաջին թիրախային խմբերը մեծահասակներն են, հղիները, երեխաները և խրոնիկ հիվանդույթուններ ունեցող մարդիկ։ Ուլտրամանուշակագույն ինդեքսի բարձր աստիճանի դեպքում մարդու օրգանիզմը իր սովորական կենսագործունեությունը կատարելու համար ստիպված է կատարել կրկնակի աշխատանք և արհեստական ծանրաբեռնվածություն է առաջանում մեր օրգանիզմի սիրտ-անոթային և շնչառական համակարգերի վրա»,- տեղեկացնում է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ օրգանիզմի գերծանրաբեռնվածության չենթարկելու համար խորհուրդ է տրվում օրվա շոգ ժամանակ չգտնվել արևի ուղիղ ճառագայթների ներքո, հնարավորության դեպքում գտնվել ստվերում։ Հատկապես մեծահասաները, հղիներն ու երեխաները օրվա մի որոշ հատված պետք է անցկացնեն հորիզոնական դիրքով։
Հատուկ կամ լրացուցիչ ընդմիջում՝ բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատելիս
Դաշտն ու անտառը խուսափել չեն կարող
Եվ եթե մարդը կարող է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, անտառն ու դաշտը դա անել չեն կարողանում։ Արդյունքը՝ հրդեհ։ Սակայն այստեղ ևս մարդկային գործոնը մեծ է՝ շուրջ 90 տոկոս։ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանը հայտնում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների դեպքերը 34 տոկոսով ավելացել են․
«ԱԻՆ 911 ծառայությունում վերջին շաբաթվա ընթացքում գրանցվել է հրդեհների աննախադեպ աճ։ Նախորդ շաբաթվա նույն ժամանակի հետ համեմատությամբ դեպերը 34 տոկոսով ավելացել են։ Եթե նախորդ տարի գրանցվել էր 169 դեպք, այս տարի գրանցվել է 277–ը։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ հրդեհների դեպքերը նախորդ տարվա հունիսից հուլիսի 17-ը ներառյալ ընդհանուր առմամբ նվազել են, աճը նկատվել է միայն վերջին շաբաթվա ընթացքում։ Եթե նախորդ տարի հուլիս 1-17-ը գրանցվել էր 525 հրդեհ, այս տարի գրանվցել է 395-ը։ 130-ով նվազել են, դա դեպքերի մոտ 25 տոկոսն է»,- վիճակագրությունը ներկայացնում է ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետը։
Հրդեհները հիմնականում գրանցվում են Երևանում, սակայն, օրինակ, Կոտայքի մարզում դեպքերն այս տարի նախորդի համեմատ կրկնակի ավելացել են։ Շոգի և մարդկային անփութության համադրության հետևանքը հաճախ հեկտարներով այրված տարածքն է։
«Կրակ է թափվում» նաև Եվրոպայում
Սակայն «կրակ է թափվում» ոչ միայն Հայաստանի երկնքից։ Օրինակ՝ Ֆրանսիայի հարավ-արևմուտքից աննորմալ շոգի հետևանքով 14 հազար մարդ է տարհանվել։ Երկրի 96 շրջաններից 38-ում արդեն հայտարարվել է վտանգի երկրորդ մակարդակ։ Իսպանիայում 3000 մարդ լքել է իր տունը՝ հրդեհից խուսափելու համար։ Իտալիայի Պո հովտում արտակարգ դրություն է։ Երկրի ամենաերկար գետը, BBC-ի տվյալներով, առու է դարձել։ Մարոկկոյում տարհանվել է 1300 բնակիչ, Պորտուգալիասյում՝ այրվել 30 000 հեկտար անտառ։
Պորտուգալիա
Իսպ
Հայաստանին մի փոքր զովություն կբերի հուլիսի 22-ին Սև ծովից սպասվող օդային հոսանքը, որոնք, սակայն, Սուրենյանի խոսքով այնքան էլ ինտենսիվ չեն լինելու․«Ըստ կանխատեսումների՝ 22-25 օդի ջերմաստիճանը աստիճանաբար 4-5 աստիճանով կնվազի և արդեն 23-24-ին մենք 38-40-ի փոխարեն ցերեկային ժամերին Արատյան դաշտում ու Երևանում կգրանցենք մինչև 34-35 աստիճան ջերմություն։ Տեղումներ դեռևս հորիզոնում չեն երևում, որովհետև ներխուժած օդը շատ չոր է»։
Մասնագետները հորդորում են ապրել եղանակին համարժեք՝ խմել շատ ջուր, խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հանգստից հետո՝ վերացնել բոլոր հրդեհածին հետքերը։