Գինեգործությունը՝ առաջնային հետաքրքրության ոլորտ. գերմանացիներին Արմավիրում հետաքրքրել է գինու արտադրությունը
Երկօրյա այցով Արմավիրի մարզում են եղել Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա Անհալթ երկրամասի պատվիրակության անդամները: Գերմանացի հյուրերը համագործակցության հեռանկարներ են տեսնում գյուղատնտեսության, կրթության և մշակույթի բնագավառներում: Բայց ավելի շատ նրանց հետաքրքրել է գինեգործության ոլորտը: Արմավիրի մարզում գերմանացիներն այցելել են գինու գործարաններ, ծանոթացել արտադրության հայկական ավանդույթներին ու մտածել համագործակցելու հնարավորությունների շուրջ:
Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա Անհալթ երկրամասի պատվիրակությունն Արմավիրի մարզում հետաքրքված էր գյուղատնտեսական ծրագրերով, հատկապես խաղողագործությամբ ու գինեգործությամբ: Սաքսոնիա Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգեր.
«Մենք ծանոթանում ենք գյուղատնտեսական հնարավորություններին, բայց մենք էլ այդ ոլորտում հարուստ փորձ ունենք: Երկրամասը հայտնի է գինեգործական ավանդույթներով, և կարելի է համատեղ ծրագրեր իրականացնել»:
Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանը կարևորում է ապակենտրոնացված գործընկերությունը, կարծում է՝ հայ–գերմանական համագործակցությունը կարող է արդյունավետ լինել ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում։
«Վստահ եմ այսպիսի համագործակցությունը հնարավորություն կտա նաև համայնքային մակարդակով զարգացնել հետագա հարաբերությունները, որոնց ուղղությամբ համատեղ պետք է աշխատենք։
Գերմանացի հյուրեր մարզում համտեսել են հայկական գինիներն ու այս ոլորտում համագործակցության հեռանկարներ են տեսնում: Այցի առաջին կանգառը Բաղրամյան համայնքի «Հայաստանի հողեր» ընկերությունն էր: Այստեղ նորագույն տեխնոլոգիաներով շուրջ 400 հա խաղողի այգիներ են մշակում և գինիներ արտադրում: Ընկերության ներկայացուցիչ Անի Մարտիրոսյան.
«Մենք ունենք 28 տեսակի խաղող և 20 անուն գինի: Անցած տարի արտադրել ենք 700 հազար լիտր գինի, բայց թվերն այս տարի կփոփոխվեն»:
Ընկերության տարածքում հյուրերը ծանոթացել են գինու արտադրության հայկական ավանդույթներին ու շրջել խաղողի այգիներում: Ցանկանում ենք փորձի փոխանակմամբ զարգացնել խաղողագործությունը՝ասում է Բուրգենլանդի շրջանի տնտեսական գրասենյակի ղեկավար Թոմաս Բյոհմը.
«Տարբերությունն այն է, որ դուք մեծ տարածքներ ունեք և մեծ հնարավորություններ՝ գինեգործությամբ զբաղվելու համար, իսկ մեզ մոտ այդ տարածքները փոքր են, և մենք փորձում ենք զարգացնել գինեգործությունը: Ուրախ ենք, որ այս ոլորտում Արմավիրից նոր գիտելիքներ ձեռք կբերենք ու փորձը կներդնենք մեր երկրամասում՝ գինեգործությունը զարգացնելու համար »:
Հանդիպմանը մասնակցում էին նաև արմավիրցի գինեգործները, որոնց արտադրանքն արտահանվում է Եվրոպա: «Ալլուրիա» ապրանքանշի գինիներն արտադրվում են Էջմիածնում, արտահանվում ԵՄ 11 երկիր, այդ թվում՝ Գերմանիա: Ընկերության ներկայացուցիչ Սամվել Մաչանյանը հույս ունի, որ համագործակցության դեպքում արտադրության և արտահանման ծավալները ավելանան։
«Այս հանդիպումից ակնկալում եմ ձեռք բերել նոր ծանոթություններ, հասկանալ, թե ինչ հնարավորություններ են բացվելու: Մեզ հետաքրքրում է գերմանական շուկան: Եթե համագործակցությունը ստացվի, արտադրական ծավալները կմեծացնենք: Կարծում եմ՝ մեր ապրանքների արտահանումը ոչ միայն բիզնես է, այլև արտերկրում ներկայացնում ենք Հայաստանն ու մեր մշակույթը, անուղղակի ազդում տուրիզմի վրա»:
Արմավիրի «ՄԱՊ» գինու և կոնյակի գործարանի տնօրեն Մակար Պետրոսյանը հյուրերին ծանոթացրեց արտադրության գործընթացին, գինու և կոնյակի հնեցմանը: Լենուղու գինու գործարանը 80 տարվա պատմություն ունի: Մակար Պետրոսյան.
«Սա շատ լավ հնարավորություն է տեսնելու, թե Արմավիրի մարզում ինչպես է զարգանում խաղողագործությունը, գինեգործությունն ու կոնյակագործությունը: Վստահ եմ, որ իրենց երկրամասում այս ոլորտի զարգացմանը կնպաստի նաև Հայաստանը: Մենք պատրաստ ենք մեր փորձով կիսվել Գերմանիայի Դաշնության ընկերների հետ »:
Պատվիրակության անդամները շրջեցին գործարանի մառաններում, որտեղ պահվում են տարբեր տարիների հնեցված գինիներ: Այստեղ հյուրերին անակնկալ էր սպասվում. մառաններից մեկը կոչվում է Գերմանական: 1942թ-ին այն կառուցել են գերմանացիները: Նրանց իրերը պահվում են գործարանի թանգարանում: Պատմությունը շրջանցել հնարավոր չէ՝ ասում է գերմանացի հյուրը։
«Սա մեր ժողովուրդների միասնական պատմությունն է, անցած ճանապարհը: Բոլորը դասեր են քաղում անցյալից և կառուցում լավ ապագա մեր երեխաների համար»:
Գերմանացի հյուրերը Արմավիրից կգնան հարուստ տպավորություններով։
«Կարելի է համեմատել շոտլանդական և արգենտինական վիսկիների հետ: Մենք պարզապես ոգևորված ենք, և շատ լավ է, որ ամեն ինչ մեր աչքերով տեսանք»:
«Ինձ շատ դուր եկավ այս ձեռնարկության կառուցման հայ-գերմանական համատեղ աշխատանքը»:
Թոմաս Բյոհնը գործարանը համեմատեց իրենց շամպայնի գործարանի հետ, որը շուրջ 166 տարվա պատմություն ունի: Ասում է՝ այն տարեկան հարյուրավոր զբոսաշրջիկներ է ընդունում: ՄԱՊ գործարանը կարող է Արմավիրում մեծ ներուժ լինել զբոսաշրջության զարգացման համար:
Նախատեսվում է, որ հայ-գերմանական գործընկերության հուշագիրը կստորագրվի աշնանը՝ փոխադարձ այցելության ժամանակ: