Ֆոն դեր Լայենը և Ալիևը պայմանավորվել են կրկնապատկել ադրբեջանական գազի արտահանումը Եվրամիություն
Ադրբեջանը և Եվրամիությունն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանավորվել են կրկնապատկել ադրբեջանական բնական գազի արտահանումը դեպի Եվրամիություն:
Բաքվում կայացած հանդիպումից հետո Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ որոշել է դիվերսիֆիկացվել Ռուսաստանից և գտնել ավելի վստահելի գործընկերներ, այդ թվում՝ Ադրբեջանը:
Հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ կողմերը քննարկել են Եվրամիության և Ադրբեջանի միջև նոր համաձայնագրի կնքումը, որն ավարտին կհասցվի առաջիկա ամիսներին։ Դրա նպատակը կողմերի միջև տնտեսական համագործակցության ընդլայնումն է։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանին անվանել է «առանցքային և հուսալի գործընկեր էներգետիկ ոլորտում»։ Նա նաև նշել է, որ ԵՄ-ն մինչև 2024 թվականը 60 միլիոն եվրո կներդնի Ադրբեջանում։