«Գազաբալոնը չեն փորձաքննել, թող բենզինով վարեն». վարորդները՝ ցայտնոտի մեջ ու նոր խնդիրների առաջ
Հերթերը չեն հասնում, հասնելիս էլ, միեւնույն է, խնդիրներ են ծագում։ Խոսքը մեքենաների գազաբալոնների անվտանգության փորձաքննության մասին է։ Վարորդները ցայտնոտի մեջ են՝ օգոստոսի 1-ը մոտենում է․ այդ օրվանից փորձաքննության վկայագիր չունեցող մեքենաները գազով չեն կարող լիցքավորվել՝ արգելվում է, սահմանված են տուգանքներ։ Նախարարությունն էլ «երկու ոտքը մեկ կոշիկում»՝ պնդում է՝ ժամկետ երկարաձգել մտադիր չեն, այլապես վարորդներն էլի վերջին օրվան կթողնեն։ Գազով չեն լիցքավորվի, թող այլ վառելիքով վարեն՝ ասում են։
Մեթան, թե պրոպան՝ կապ չունի։ Գազով կլիցքավորվեն միայն այն մեքենաները, որոնց բալոնները պատշաճ փորձաքննություն կանցնեն։ Օգոստոսի 1-ից ճնշափորձարկման չենթարկված գազաբալոնները չեն լիցքավորվի․ արգելվում է։ Իսկ եթե գազալցակայանները խախտեն օրենքն ու լիցքավորեն այդ մեքենաները, կտուգանվեն առաջին անգամ 200 հազար դրամ։ Նույն տարում խախտումը կրկնելու դեպքում կտուգանվեն կրկնակի։
Օրենքով սահմանված ժամկետը մոտենում է ավարտին, իսկ հազարավոր վարորդների մեքենայի գազաբալոնը ճնշափորձարկման տանել չի հաջողվում․ պատճառն անվերջանալի հերթերն են։
Մենք այցեցինք բալոնների անվտանգությունը փորձաքննող ու լիցենզիա տրամադրող կազմակերպություններից մեկը՝ պատահական ընտրությամբ։ Այս կայանն օրական սպասարկում է 40-45 մեքենա, գիշերը դարձրել են ցերեկ, ցերեկը՝ գիշեր ու աշխատում են 24 ժամ։ Ասում են՝ ամեն մեքենայի փորձաքննությունը տեւում է 3-4 ժամ։ Ամեն բալոնի համա վճարում են 12-15 հազար դրամ։ Վարորդների հետ եւս զրուցեցինք։
«Կարող է չհերթագրվեմ, ասում է՝ դեկտեմբերին նոր հերթս կհասնի։ Ոնց է լինելու, կարող է իմ հերթը չհասնի, ու մի ամիս քաշի, բա ես ինչ պտի անեմ, չպիտի՞ քշեմ»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղյակ են խնդիրներին, բայց մտադիր չեն ժամկետերը երկարաձգել։ Պատասխանում են՝ եթե վարորդները հերթագրված են, բայց նրանց հերթը հասնելու է դեկտեմբերին կամ հաջորդ տարի, նրանք իրենց մեքենան պետք է շահագործեն այլ վառելիքով։ Նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանը «Ռադիոլուրին» ասում է՝ վարորդները ժամանակ ունեին դեռ փետրվարից։
«Գործընթացը սկսվել էր փետրվարի 16-ից։Մարտին արդեն 10 լիցենզավորող ընկերություն կար, բայց մայիսին փորձաքննության ենթարկվում էր 4-5 մեքենա։ Նախարարությունը նպատակահարմար չի գտնում ժամկետերը երկարացնել։ Դա հարցի լուծում չի լինելու, քանի որ փորձը ցույւց է տալիս, որ մարդիկ թողնում են վերջին օրվան»։
Այսօր, սակայն, որոշ վարորդներն կանգնել են այլ խնդրի առաջ էլ։ Նրանք պատրաստակամորեն մեքենան կայան են հասցնում, բայց գազաբալոնների լցաճնշակայանները չեն սպասարկում գործարանային բալոն ունեցող մեքենաները։ Կայանում մեզ բացատրում են՝
«Գործարանային բալոնների վրա փորձաքննության ենթարկելուց հետո նոր փականներ կամ այլ դետալներ դնելու խնդիր կա, քանի որ դրանք հատուկ արտադրության են»:
«Ստուգաչափում չեմ կարող անել, նասոս ա մեջը, հանեցիր ՝ միանգամից փչանալու է։ Էդ փականները չեն ճարվում»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանն ասում է՝ այս խնդրին էլ են տեղյակ։
«Առաջիկա օրերին տեղի կունենա քննարկում ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի հարցը միասնական լուծում ունենա։ Եվ դրա մասով կներկայացվի պարզաբանում»։
Մեկ այլ խնդիր էլ կա՝ կապված հեղուկ գազով շահագործվող մեքենաների հետ․ ճնշափորձարկող ընկերություններն ասում են՝ չեն կարող փորձաքննել։ Նախարության ներկայացուցիչն ասում է՝ այդ ամենը կապված է լրացուցիչ ծախսերի հետ։
«Այդ ընկերությունները պարզապես պետք է ձեռք բերեն համապատասխան սարքավորումներ, որոնք լրացուցիչ ծախս են։ Այս պահին ՀՀ-ում լիցենզավորվել է 23 կայան, 4-ը ստացել է դրական եզրակացություն։ Մեկ-երկու օրում իրենք կսկսեն գործել։ Կայան չկա միայն Արագածոտնի մարզում»։
Փորձաքննող կայանների ցանկը տեղադրված է նախարարության պաշտոնական կայքում: Ճնշափորձարկումից հետո լիցենզավորված ընկերությունները վարորդներին տրամադրում են վկայագիր երկու տարի վավերականությամբ։
Բացի վկայագրից՝ ընկերությունները մեքենաների տվյալներն առաջիկայում կմուտքագրեն նաև ընդհանուր էլեկտրոնային շտեմարան, որը պատրաստ կլինի երկու ամսվա ընթացքում: Շտեմարանի տվյալները հասանելի կլինեն բոլոր գազալցակայաններին, վարորդներին, նաև պարեկային ծառայությանն ու ճանապարհային ոստիկանությանը։ Բայց նաեւ վարորդներին հորդորում են տրված վկայագիրը միշտ պահել իրենց մոտ, գազալցակայանում դա են պահանջելու։ Հնարավոր է՝ շտեմարանի խնդիրներ լինեն ու հանկարծ ձեզ գազալցակայնները չսպասարկեն։