Պուտինի և Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան այցի կարևորությունը՝ նշելով, որ նրա հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեղի կունենա օրվա երկրորդ կեսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Օրվա երկրորդ կեսին նախատեսվում է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ով աշխատանքային այցով Մոսկվայում է: Կլինի շփում Փաշինյանի հետ, իսկ հետո նախագահն ու վարչապետը կշարունակեն շփումը՝ աշխատանքային ճաշի ձևաչափով: Սա կարևոր է, և, ըստ էության, առաջին արտասահմանյան այցն է, որ Փաշինյանը կատարում է խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո, բավականին վստահ, համոզիչ հաղթանակից հետո», -ասել է Պեսկովը:
Խոսնակը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում, նրանք կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, արդեն տարածաշրջանում գտնվող ռուս զինվորականների տեղակայման և երկկողմ հարաբերությունների մասին հարցեր:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանդիպման արդյունքում նախատեսվո՞ւմ է պայմանագրի ստորագրում՝ ռուս խաղաղապահների մեկ այլ խմբի տեղակայման մասին՝ Պեսկովն ասել է. «Ոչ, դա տեղեկություն է, որը չի համապատասխանում իրականությանը: Իհարկե, կքննարկվի Ղարաբաղը, այնտեղ տեղակայված ռուս զինվորականները և ընդհանրապես երկկողմ հարաբերությունները, բայց չի նախատեսվում փաստաթղթերի ստորագրում»:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկու երկրների ղեկավարները նախատեսում են քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ստորագրած հայտարարությունների կատարումը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակչությանը օգնության տրամադրման հարցերին, ինչպես նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանը: