Բույրերի նկատմամբ մանկությունից սկսված սերը 10 տարեկանում վերածվեց գործի։ Առուների կողքից  դաղձ, տան բակից վարդի թերթեր հավաքեց ու  դրանց համադրությամբ  հետաքրքիր բույրեր ստացավ։ Սկզբում իր մտահաղացումներով, հետո կենսաբան տատի օգնությամբ ստեղծեց առաջին  օծանելիքը։



«Ոսկանյան պարֆյումի» օծանելիքներն այսօր բույրերի  աշխարհը բացահայտող միջազգային պարբերականներում  ու ցուցահանդեսներում են։ 2021 թվականին  pêche chyprée  բույրը CaFleureBone հայտնի ամսագիրը ճանաչեց որպես տարվա հայտնություն։  Ապրանքանիշը հայտնի է իր 4 բույրերով։ Եվս մեկի ծնունդը սպասվում է շուտով։

Voskanian Parfum-ի սահմանափակ հավաքածուի սրվակները ձեռագործ են՝ պատրաստված հայկական օբսիդիանից, իսկ հիմնական հավաքածուի սրվակները պատվիրում է Եվրոպայից: Միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներ հասած հայկական  բույրերը ծնվում են այս լաբորատորիայում։ Դարակներում անուշաբույր հոտեր ստանալու գաղտնիքներն են, սրվակներում՝ ամիսների մանրակրկիտ աշխատանքը․

«Շատ բարդ աշխատանք  է իրականում։ Պահանջում են շատ խորը գիտելիքներ ու իմացություն։ Եթե գիտելիքները կան, ինչ-որ չափով գործը թեթևանում է։ Օրինակ, եթե ցանկանում ենք ստանալ արքայախնձորի բույր, պետք է իմանանք,  թե արքայախնձորի բույրի համար ինչ մոլեկուլներ են պատասխանատու։ Եվ այդ մոլեկուլների որոշակի հարաբերակցությամբ մենք ստանում ենք արքայախնձորի բույրը։  Ամեն բույրի համար պատասխանատու են որոշ բուրավետ մոլեկուլներ, որոնք այդ բույրի հիմքն են»։

Ծովակ Ոսկանյանն ինքն է ստեղծում բույրերը՝ խառնելով հայկական բույսերն ու բնական նյութերը։ Պարֆյումերն այս  պահին վերարտադրում է «Պաչուլի է մեմուաղ» բույրի կոնցենտրատը։ Այն պետք է դառնա նոր խմբաքանակ, սպառվի տեղական շուկայում։ Բանաձևն արդեն կա, այն բույր դարձնելու աշխատանքն սկսված է․

«Շատ կարևոր է ամեն կշռելուց հետո գրելը՝ համոզված լինելու, որ բոլոր նյութերն են լցվել ու կշռվել»։

Ճիշտ բույր ստանալը երկար ու մանրակրկիտ աշխատանք է։ 23 նյութերի գերճշգրիտ համադրությունը միայն  թույլ կտա ստանալ բոլորի կողմից արդեն սիրված բույրը։ Հաջորդ քայլը լավ խառնված զանգվածի սառեցումն է․

«Օծանելիքն արդեն գրեթե պատրաստ է։ Սպիրտի ու ջրի հետ խառնվելուց հետո օծանելիքն  անցնում է խորը սառեցման փուլ  մինուս 15 աստիճան պայմաններում, որի նպատակը օծանելիքից դաբաղանյութերի ու  խեժերի անջատումն է, հետագայում  շշերի մեջ նստվածքը բացառելու և  օծանելիքի կատարյալ թափանցիկությունն ապահովելու նպատակով։ Դնում ենք սառցարան, որտեղ մի քանի օր օծանելիքը պետք է սառի»։

Բույրերի նկատմամբ մանկությունից սկսված սերը 10 տարեկանում վերածվեց գործի։ Առուների կողքից  դաղձ, տան բակից վարդի  թուփ հավաքեց ու  դրանց համադրությամբ  հետաքրքիր բույրեր ստացավ։ Սկզբում իր մտահաղացումներով, հետո կենսաբան տատի օգնությամբ ստեղծեց առաջին  օծանելիքը․

«Մսաղացով աղում էի, որ հյութը քամեի։ Նույնիսկ հիշում եմ, որ դաղձից ստացվեց հյութ քամել, բայց վարդից՝ ոչ։ Ու տատս կենսաբան էր, առաջարկեց վարդի թերթերի վրա կիտրոնաթթու լցնեմ, որ դա օգնի քայքայմանը։ Դաղձի ու վարդի հյութը խառնեցի ու լցրի ջարդած պոչով սուրճի բաժակի մեջ։ Դրանով օծվում էի ու նոր գնում ֆուտբոլ խաղալու»։

Մանկության սիրելի զբաղմունքն այսօր արդեն բիզնես է։ «Ոսկանյան օծանելիքը» ստեղծվել է 2018 թվականին։ Հայկական օծանելիքն արդեն եվրոպական շուկայում  սրտեր է գերել, գրավել հայտնի պարֆյումերների ուշադրությունը։  Ապրանքանիշը հայտնի է իր 4 բույրերով։ Եվս մեկի ծնունդը սպասվում է շուտով։

2021 թվականին «pêche chyprée» բույրը «Սա ֆլյող բոն» հայտնի ամսագիրը ճանաչեց որպես տարվա հայտնություն․

«Որպեսզի պաշտոնապես ներկայացվի մի շարք երկրների շուկաներում, բանակցություններ են վարվում միջազգային տարբեր դիստրիբյուտերների հետ։ Բանակցություններ նախատեսվում են սեպտեմբերին Ֆլորենցիայի «ՓԻթի ֆրագրանցե» ցուցահանդեսում։ Դա օծանելիքի միջազգային հանրաճանաչ, մեծ հեղինակություն ունեցող ցուցահանդես է, որտեղ  հավաքվում են միջազգային օծանելիքի շուկայի լուրջ խաղացողներ»։

Մի քանի օր առաջ սառցարան դրված օծանելիքը պետք է զտման փուլ  անցնի  և արդեն պատրաստ կլինի  շշալցման։ Voskanian Parfums օծանելիքի սահմանափակ հավաքածուի սրվակները ձեռագործ են և պատրաստված են հայկական օբսիդիանից, իսկ հիմնական հավաքածուի սրվակները պատվիրում է Եվրոպայից:

«Շշալցման գործընթացն է տեղի ունենում։ Անմիջապես շշալցնելուց հետո դնում ենք փոշեցրիչը»։

Շշալցումից հետո ստուգվում է սրվակների  հերմետիկությունը։  Արդեն փակված օծանելիքները տեղադրվում են վակուումային  ապարատի մեջ․ ոչ մի կաթիլ  չպետք է գոլորշիանա։

«Բացում ենք խցիկը՝ ստուգելու շշերի հերմետիկությունը։ Բավական երկար ժամանակ վակումի մեջ գտնվեցին։ Ինչպես տեսնում եք շշերն ամբողջական են և չոր, այսինքն՝ այս փաթեթավորմամբ շիշը, կարելի է ասել, կատարյալ հերմետիկ է»։   

«Պաչուլի է մեմուաղ» օծանելիքը վերջնական ապրանքային տեսքով պատրաստ է շուկա դուրս գալ ու նոր սրտեր գավել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն