Թուրքիան և ԱՄՆ-ը օգոստոսի 15-ին F-16-երի մատակարարումների շուրջ բանակցություններ կվարեն
Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմական ներկայացուցիչները օգոստոսի 15-ին բանակցություններ կվարեն Անկարային F-16 կործանիչներ մատակարարելու շուրջ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նա տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա ԱՄՆ-ում։
«Թուրքիայի ուժը ՆԱՏՕ-ի հզորությունն է, այսինքն՝ թուրքական բանակի ամրացումը կուժեղացնի դաշինքի հնարավորությունները։ Ամերիկյան կողմը դրական է տրամադրված F-16-երի հարցում և գիտակցում է թեմայի կարևորությունը։ Անկարան ԱՄՆ-ից F-16-ի մատակարարումների բանակցությունների դրական արդյունք է ակնկալում»,- նշել է Աքարը՝ զգուշացնելով, որ աշխարհում այդ կործանիչներին շատ այլընտրանքներ կան․ նոր լուծումները չեն բացառվում։
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 15-ին հավանություն էր տվել երկրի պաշտպանական բյուջեի փոփոխություններին, որոնցով խստացվում են Թուրքիային F-16 կործանիչներ տրամադրելու պահանջները: Ամերիկյան վարչակազմին արգելվում է Թուրքիային վաճառել F-16 ինքնաթիռներ, քանի դեռ չի ապացուցվել, որ դա համապատասխանում է Միացյալ Նահանգների ազգային շահերին: