Ո՞ր ոլորտներում է Չինաստանը դադարեցրել համագործակցությունը ԱՄՆ-ի հետ
Չինաստանը ուրբաթ օրը հայտարարեց Միացյալ Նահանգների հետ համագործակցության ութ մեխանիզմների ժամանակավոր կասեցման կամ վերացման մասին՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան այցի պատճառով։ Այս մասին ասվում է Չինաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։
ՏԱՍՍ-ը կազմել է ցուցակը, թե ինչ է դադարեցրել Չինաստանը.
ԱՄՆ-ի հետ երկխոսություն տարածաշրջանային ռազմական հրամանատարությունների մակարդակով
Աշխատանքային հանդիպումներ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ
Ծովային անվտանգության մեխանիզմի շրջանակներում հանդիպումներ՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ
Կլիմայի փոփոխության շուրջ բանակցություններ
Համագործակցություն թմրամիջոցների դեմ պայքարում
Համագործակցություն դատավարության և արդարադատության ոլորտում
Համագործակցություն միջազգային հանցավորության դեմ պայքարում
Համագործակցություն անօրինական միգրացիայի և քաղաքացիների հայրենադարձության դեմ պայքարի ոլորտում
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Չինաստանը կոչ էր անում Միացյալ Նահանգներին՝ զգույշ լինել Թայվանի հարցում իր հայտարարություններում և գործողություններում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին, Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բըրնսին։ Նրան բողոք էր ներկայացվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի` Թայվան կատարած այցի կապակցությամբ, որը ՉԺՀ-ն համարում է իր անբաժանելի մասը։