Թուրքիան բազմիցս առաջարկել է իր տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպում կազմակերպել, սակայն դա անհնար է՝ առանց բանակցողների «տնային աշխատանքը» կատարելու: Այդ մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հավելել՝ ներկայումս Մոսկվայի ու Կիևի միջև որևէ բանակցային գործընթաց չկա։

ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ դեռևս անհրաժեշտ նախադրյալներ չկան Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու համար։

Պեսկովն անդրադարձել է նաև Ուկրաինայի արևելքում սպասվող հանրաքվեներին։ Նրա խոսքով՝ ոչ թե Ռուսաստանն է պատրաստվում այնտեղ հանրաքվեներ անցկացնել, այլ տարածաշրջանի բնակիչները: Ուստի, ըստ Պեսկովի, Ուկրաինայի նախագահն իր դժգոհությունը պետք է հայտնի ոչ թե Կրեմլին, այլ իր երկրի քաղաքացիներին։ 

Պեսկովը մեկնաբանել է Էներգոդարում Զապորոժիեի ատոմակայանի գնդակոծությունները, նշել՝ «դա ծայրահեղ վտանգավոր գործունեություն է՝ հղի աղետալի հետևանքներով»: Ավելի վաղ ատոմակայանի գնդակոծության համար Զելենսկին մեղադրել է ռուսական կողմին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն