Չինաստանի ու Ռուսաստանի շփումները ամենահաջող միջպետական հարաբերություններն են. Մոսկվայում ՉԺՀ դեսպան
Պեկինն ու Մոսկվան մտել են միջպետական հարաբերությունների ամենահաջողված շրջան, որն աչքի է ընկնում փոխադարձ վստահության ամենաբարձր մակարդակով և ռազմավարական նշանակությամբ: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը։
«Դրանք սառը պատերազմի ավարտից ի վեր ամենահաջող միջպետական հարաբերություններն են։ Ռուս-չինական ռազմավարական համագործակցությունը կարևոր ուժ է, որը նպաստում է բազմաբևեռ աշխարհի ձևավորմանն ու միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը»,- նշել է դիվանագետը։
Նա անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերին այն մասին, որ որոշ պետություններ պատրաստ չեն հաշտվել աշխարհում գերիշխանության կորստի հետ և ձգտում են պահպանել անարդար միաբևեռ մոդելը, հավելել՝ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, փորձում է իր կամքը պարտադրել այլ երկրների:
Մոսկվայում ՉԺՀ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշել է, որ Պեկինը հասկանում է, որ ԱՄՆ-ն փորձում է ձգձգել հակամարտությունն Ուկրաինայում՝ Ռուսաստանին թուլացնելու նպատակով: