Տնտեսական հանցագործություններով հարուցված քրգործերով 6 ամսում բյուջե է վերականգնվել 2,5 մլրդ դրամ
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունն ամփոփել է 2022-ի առաջին 6 ամսվա աշխատանքի արդյունքը: Հունվարից հունիս հարուցվել է 350 քրգործ, նախապարաստվել 498 նյութ, 2021-ի 2-րդ կիսամյակից փոխանցվել է ևս 546 քրեական գործ: Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3 մլրդ 349 մլն 548 հազար 989 դրամ, իսկ դատարանում քննվող գործերով պետությանը պատճառված վնասի չափը 26 մլն 768.639 դրամ է:
Էդգար Շահինյան (ՀՀ ԳԴ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - Ընդհանուր նախաքննություն է կատարվել 2022-ի 1-ին կիսամյակի ընթացքում շուրջ 900 քրեական գործի նկատմամբ, հսկողություն է իրականացվել վարչության դատախազների կողմից:
Նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վերականգնվել է 2 մլրդ 17 մլն 130 հազար 735 դրամ, իսկ դատարանում քննվող գործերով 6 ամսում բյուջե է վերադարձվել 28 մլն 390 հազար 32 դրամ: Տնտեսական հանցագործության դեպքերով քրեական գործերը հարուցվել են ապօրինի, կեղծ ձեռնարկատիրության, կանխամտածված անվճարունակության, կեղծ անվճարունակության հատկանիշներ ստեղծելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու համար՝ նշում է դատախազ Էդգար Շահինյանը:
Էդգար Շահինյան - Նաև ունենք նախաքննության ընթացքում ոչ արդարացնող հիմքով քրեական գործերի ավարտներ: Ոչ արդարացնող հիմքով քրեական գործերն ավարտվում են, երբ տնտեսվարող սուբյեկտը վճարում է պետբյուջեի հանդեպ ունեցած պարտավորությունները տույժ-տուգանքով հանդերձ, ազատվում է քրեական պատասխանատվությունից, խրախուսական նորմերով:
Այդ գործերով պետական գանձարան է վերականգնվել 513 մլն 68 հազար 182 դրամ: Վեց ամսում ընդհանուր վերականգնումը կազմել է 2 մլրդ 558 մլն 588 հազար 949 դրամ:
Էդգար Շահինյան - Վարչության դատախազների, նախաքննական մարմնի աշխատակիցների կողմից գործադրվում են բոլոր ջանքերը, որ պետբյուջեին պատճառած վնասը հնարավոր մաքսիմալ չափերով վերականգնվեն:
Գերակշռողը կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու, հարկերից խուսափելու դեպքերով հարուցված քրեական գործերն են: Սրանք, ի դեպ, ծանր և միջին ծանրության հանցագործություններ են, որոնց համար Քրեական օրենսգիրքը նաև ազատազրկում է նախատեսում:
Տնտեսական հանցագործություններով հարուցված քրգործերով 6 ամսում բյուջե է վերականգնվել 2,5 մլրդ դրամ: