Արտաքին առևտրաշրջանառության 44% աճ՝ առաջին կիսամյակում: Աճել է թե՛ արտահանումը, թե՛ ներմուծումը: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ Հայաստանից արտահանումն աճել է մոտ կես միլիարդ դոլարով: Արտահանման առյուծի բաժինը՝ մոտ 28.8%-ը, Ռուսաստանի Դաշնությանն է. նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 2.3 տոկոս: Հաջորդում են Չինաստանը, Շվեյցարիան և Բուլղարիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Նիդերլանդները, Իրաքը, Վրաստանը, Իրանը, Գերմանիան:

Հայկ Բեջանյան (տնտեսագետ) - Առնվազն մինչև տարեվերջ մենք կունենանք աճի բավականին բարձր ցուցանիշներ:

Արտահանման կառուցվածքը ցույց է տալիս, որ արտահանումն, ըստ տնտեսագետ Հայկ Բեջանյանի, շարունակում է ոչ դիվերսիֆիկացված մնալ։ 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից 552 մլն դոլարի հանքահումք է արտահանվել, որը նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ աճել է 4.3%֊ով։ Պղնձի խտանյութը, մոլիբդենը, ոսկին կազմել են արտահանվող ապրանքախմբի 29.32 տոկոսը:

Հայկ Բեջանյան - Բոլոր երկրներում ակտիվանում է արտադրությունը, վերականգնվում են մինչքովիդյան աճի տեմպերը, և մենք, լինելով հիմնականում հումք արտահանող երկիր, մյուս երկրները մեր երկրից ավելի շատ են հումք ձեռք բերում, ինչն ազդում է արտահանման ծավալների վրա:

Համաշխարհային շուկայում հանքահումքի բարձր գինը ևս նպաստել է արտահանման աճին: Աճ է արձանագրվել քիմիական, ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ուղղությամբ:

Հայկ Բեջանյան - Առաջին 6-7 ամսվա տվյալներով՝ գրեթե երկնիշ տնտեսական աճ ունենք, և դա նշանակում է, որ մեր երկիրը աճում է շատ ավելի արագ:

Նախորդ տարվա համեմատ նվազել է գյուղմթերքի արտահանումը: 2021 թվականի 118 հազար տոննայի փոխարեն այս տարվա առաջին կիսամյակում 10 հազար տոննայով պակաս թարմ պտուղ-բանջարեղեն է արտահանվել: Պատճառը, ըստ էկոնոմիկայի փոխնախարարի, եղանակային պայմաններն են. վեգետացիայի շրջանն այս տարի երկար է տևել: Գյուղմթերքի առանձին տեսակներով, սակայն, արտահանման աճ է գրանցվել:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - ՀՀ-ից արտահանվել է 40 հազար 500 տոննա ծիրան, որը նախորդ տարվա համեմատ ավել է 5000 տոննայով, նման ցուցանիշ ունենք լոլիկի արտահանմամբ:

Զգալի պակասել է կարտոֆիլի արտահանումը, պատճառը կրկին եղանակն է:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն