«Սուրմալուի» պայթյունից տուժած քույրերը. ինչպե՞ս է հաջողվել փրկվել
«Սուրմալու» առևտրի կենտրոնի փլատակներից մեկ տասնյակ քաղաքացիներ դուրս են բերվել փրկարարների շնորհիվ: Ազատուհին և Հրածինը անելանելիության մեջ անցկացրել են երկու ժամ, քույրերից մեկը կարողացել է զանգահարել 911, հայտնել իրենց գտնվելու վայրը, որը փրկարարներին արագ գործելու հնարավորություն է տվել։ Մի քանի օր բուժում ստանալուց հետո՝ նրանք արդեն տանն են։
Ազատուհի Մարյանյան - Քրոջս ասացի` քույր, սա մեր կյանքի վերջն է, մենք իրար չենք տեսնի էլ:
Բայց փրկարարների արագ ու անձնվեր աշխատանքի շնորհիվ այսօր իրար հետ են՝ ողջ, իսկ բժիշկների ջանքերով շուտով լիովին առողջ կլինեն: Արդեն հայտնի դարձած լուսանկարներում քույրերն են՝ տիկին Ազատուհին և Հրածինը: Առաջիններից էին, որ հաջողվեց փլատակներից դուրս գալ:
Հրածին Մելքումյան - Շատ-շատ գոհ ենք, նախ` ԱԻՆ-ի աշխատողներց, որ էդքան արագաշարժ իրենց հոգատարությունը ցույց տվին, հետո բուժաշխատողներից, ես չէի պատկերացնի, որ էդպես է: Բա Հայաստանում էսպես է:
3-4 օր են անցկացրել հիվանդանոցում: Առողջապահության նախարարն էլ այցի ժամանակ զգուշացրել է՝ բուժման ամբողջ ծախսերը հոգում է պետությունը:
Ազատուհի Մարյանյան - Անահաիտ Ավանեսյանին ասացի` շատ շնորհակալ ենք մենք ամբողջ բուժանձնակազմից, առաջին հարկից սկսած: Ամեն ինչը անվճար, էն հավաքարարից սկսած, մինչև ամենա-ամենա գլխավոր բժիշկը բոլորից շնորհակալ ենք:
Այսօր հիվանդանոցից դուրս է գրվել նաև քույրը: Տիկին Հրածինը ողնաշարի կոտրվածք էր ստացել:
Հրածին Մելքումյան - Արդեն էլ չէի կարող, մի քիչ էլ որ մնայի, ինձ կարող է ինսուլտ-ինֆարկտ խփեր:
Ժամացույցների խանութում էին պայթյունի ժամանակ: Փլատակներում են անցկացրել հավերժություն թվացող 2 ժամը:
Ազատուհի Մարյանյան - Էդ լավան որ եկավ, չգիտեմ` մի աննկարագրելի բան էր, չգիտեմ ինչ էր, սև բան էր, մեզ փակեց, մեզ շպրտեց, ու հետևից փլվածքը, քարերը լրիվ թափվեցին մեր գլխին:
Իրենց կյանքը փրկել է հեռախոսը: Փլատակներից 911 է զանգել տիկին Ազատուհին ու հուշել իրենց տեղը:
Ազատուհի Մարյանյան - Հեռախոս ընդհանրապես դուրս գալիս չեմ վերցնում, էդ պահին վերցրեցի էդ փոքրիկ հեռախոսս: Զանգեցի 911, ի սկզբանե մինչև վերջ մեզ հետ կապված են եղել, անմիջապես վերցրին ու մինչև վերջ ինձ հետ կապված են եղել:
Փրկարարները նախ նրանց տեղն են գտել, հետո ջրի օգնությամբ պարզել խորությունն ու անվնաս դուրս բերել տուժածներին:
Ազատուհի Մարյանյան - Երրորդը եկավ, չորրորդը եկավ, արագ, էդ ինչ արագ էին աշխատում:
Դեռ կարգին ուշքի չեն եկել կատարվածից, բայց շնորհակալ են և՛ իրենց կյանքը, և՛ առողջությունը փրկողներին:
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 4 տուժած: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: