«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքը շարունակում է մնալ փակ. դեպքի վայրում աշխատում են ոչ միայն փրկարարները, այլև քննիչները: Օգոստոսի 14-ին տեղի ունեցած դեպքին իրավական գնահատական տալու համար իրականացվում են լայնածավալ քննչական, դատավարական գործողություններ: Իրավապահների ուսումնասիրության առանցքում փլատակի վերածված բազմահարկ շենքն է:

Արման Աբրահամյան (ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ) - Պայթյունն առաջացել է այս կառույցում, որի հետևանքով այս ամբողջ փլուզումները տեղի են ունեցել: Քննիչները ամբողջ տարածքում կատարում են դեպքի վայրի զննություն փորձագետների մասնակցությամբ: Մի հատվածում հարցաքննություններ են, մի հատվածում՝ զննություն:

Դեպքի հանգամանքները պարզելու համար Արման Աբրահամյանի ղեկավարությամբ գործող քննչական խումբը տեղում աշխատանքը, հավանաբար, կավարտի 2-3 օր անց: Հարցաքննվել է մոտ 50 անձ, բուժկենտրոններ տեղափոխված ու դիմած քաղաքացիներ, առևտրի տաղավարների՝ պայթյունից տուժած վարձակալներ: Արդյոք հարցաքննվե՞լ են նաև առևտրի կենտրոնի սեփականատերն ու տնօրենը:

Արման Աբրահամյան - Հայաստանո՞ւմ են գտնվում, հնարավոր է եղել կապ հաստատել... Անկեղծ՝ նման տեղեկություն չեմ կարող տրամադրել նախաքննության շահերից ելնելով:

Նրանց հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց: Քննիչի խոսքով՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող, նաև ձերբակալված անձինք չկան: Նշանակված են տարբեր փորձաքննություններ: Իրականացվում են նաև դիերի նույնականացման գործողություններ: Իսկ ի՞նչը կարող էր պայթյունի պատճառ լինել. քննչական խմբի ղեկավարի խոսքով՝ կան տարբեր վարկածներ:

Արման Աբրահամյան - Վարկածներ շատ կան, այս պահին հղում անել որևէ վարկածի՝ իրավական հիմք չկա, որ նշեմ:

Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ընկերությունում՝ հայտնի «Սուրմալու» առևտրի կենտրոնում, ստուգումներ է իրականացրել 2021-ի մարտին, արձանագրել բազմաթիվ խախտումներ: Ստուգման պահին եղել է վարձակալության տրված մոտ 470 տաղավար:

Արմեն Հովակիմյան (ՔՏՀԱՏՄ փորձագետ) - Հատակագծով «Սուրմալու» առևտրի կենտրոնում «պահեստային շինություն» հասկացություն չկա, բոլորը տաղավարներ են: Բոլորը անհատապես ստուգվել են, 3 օրում ստուգվել են, որպես պահեստային շինություն ստուգման պահին չի եղել: Տեսուչի կողմից հրավտանգ նյութերի կուտակում չի արձանագրվել:

Քննչական կոմիտեն քննում է նաև «Սուրմալու» առևտրի կենտրոնում 2021-ի ապրիլին բռնկված հրդեհի հանգամանքները: Հրդեհն ընդգրկել էր մոտ 2000 ք. մ տարածք:

Արման Աբրահամյան - Ձեր նշած երկու գործով՝ թե՛ տեղի ունեցած հրդեհի վերաբերյալ, թե՛ սույն պայթյունի, մեղադրյալ չկա ներգրավված:

Քննչական կոմիտեում քրեական վարույթը նախաձեռնվել է հրդեհային անվտանգության, դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, օգտագործման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ ծանր հետևանք առաջացնելու հոդվածների հատկանշներով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն