Ուկրաինան և Թուրքիան հետպատերազմյան վերականգնման մասին հուշագիր են ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ Լվովում հուշագիր է ստորագրվել, որը նախատեսում է Թուրքիայի մասնակցությունն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը:
Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը:
«Թուրքիան մեր ռազմավարական դաշնակիցն է։ Մենք շնորհակալ ենք թուրք գործընկերներին Ռուսաստանի ավերած ենթակառուցվածքների վերականգնման գործում համագործակցելու պատրաստակամության համար»,- ասել է Կուբրակովը։
Որպես առաջին նախագիծ դիտարկվում է Կիևի մարզի Ռոմանովկայի կամրջի վերականգնումը, որը Բուչա և Իրպեն քաղաքները կապում է մայրաքաղաքին:
Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է, որ մոտ ժամանակներս կստեղծվի վերականգնման հարցերով ուկրաինա-թուրքական համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակներում կմշակվեն կոնկրետ նախագծերում թուրքական ներդրումների ներգրավման մեխանիզմները: