ԵՄ առաքելությունը՝ ուկրաինական զորքերի պատրաստման համար կիրականացվի Ուկրաինային հարևան երկրում. Բորել
Ուկրաինական զորքերի նախապատրաստման համար Եվրամիության ուսումնական առաքելությունը կտեղակայվի Ուկրաինայի հարևան երկրներից մեկի տարածքում։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար ժոզեպ Բորելը, մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որտեղ են որոշել վերապատրաստել ուկրաինացի զինվորականներին։
Բորելը նաև հիշեցրել է, որ որոշ եվրոպական երկրներ արդեն վերապատրաստում են ուկրաինացի զինվորներին, այդ թվում՝ նրանց սովորեցնում են, թե ինչպես վարվել մատակարարվող սարքավորումների հետ։ Դասընթացներն անցկացվում են Լեհաստանում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։
Սպասվում է, որ առաքելություն ստեղծելու հարցը կքննարկվի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի կունենա Պրահայում՝ օգոստոսի 29-ին։