Ուկրաինան միայն ամիսներ կամ տարիներ անց կարող է զենք ստանալ ԱՄՆ-ի օգնության նոր տրանշից. NBC
Ուկրաինային 3 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում մատակարարումների մի մասը կարող է իրականացվել միայն ամիսների կամ նույնիսկ տարիների ընթացքում, քանի որ դրանք մշակման փուլում են, հաղորդում է NBC-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:
Ըստ գործակալության տվյալների՝ օգնությունը ներառում է անօդաչու սարքեր և այլ զենքեր մասնավոր արտադրողներից, ոչ թե վարչակազմի ենթակայության տակ գտնվող պաշարներից: Պենտագոնը խնդրել է արդյունաբերողներին զարգացնել և արագացնել Ուկրաինայի համար հակաօդային պաշտպանության համակարգերի, հակատանկային զենքի, անօդաչու թռչող սարքերի և կապի սարքավորումների արտադրությունը։
Օգոստոսի սկզբին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը նախագահ Ջո Բայդենի իշխանության օրոք Ուկրաինային մատակարարել է 10,6 միլիարդ դոլարի զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա։
Ուկրաինային միկրո անօդաչու սարքեր մատակարարելու պատրաստակամություն են հայտնել Նորվեգիան և Մեծ Բրիտանիան: Ուկրաինան կստանա 9,2 միլիոն դոլար արժողությամբ Black Hornet միկրո անօդաչու սարքեր, հայտնում է ՏԱՍՍ-ը: