Սիրիայում հրթիռակոծվել են Գրին Վիլիջ և Կոնոկո ամերիկյան ռազմակայանները
Սիրիայի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազայի գնդակոծության հետևանքով ԱՄՆ զինված ուժերի երեք զինծառայող թեթև վնասվածքներ է ստացել՝ ասված է երկրի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։
Պենտագոնի տվյալով՝ հրթիռակոծվել են Գրին Վիլիջ և Կոնոկո ռազմաբազաները։ Նշվում է, որ ամերիկյան կողմը պատասխան հարված է հասցրել և ոչնչացրել Իրանի կողմից աջակցվող երկու կամ երեք գրոհայինի։
«ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ, սակայն կշարունակենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեր ժողովրդին պաշտպանելու համար»,- ընդգծել են Պենտագոնում։
Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել էին, որ ավիահարվածներ են հասցրել Սիրիայի արևելքում՝ թիրախավորելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող խմբավորումների վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքային օբյեկտները:
ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ՝ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Դեյր էզ Զորի վրա օդային հարվածներին: Նշվում է, որ այդ գործողությունների նպատակն է պաշտպանել ամերիկյան անձնակազմին Իրանի աջակցությամբ գործող խմբավորումների հարձակումներից: