Առաջինը հասել են պարեկները. գողությունը կանխվել է, նաև հայտնաբերվել է թմրանյութ
Օգոստոսի 27-ի առավոտյան, ժամը 6.30-ին մոտ, 1-02 զանգած քաղաքացին հայտնել է, որ Օրբելի եղբայրների փողոցում երկու հոգի փորձում են կոտրել վճարային տերմինալը:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, նաև` պարեկային ծառայություն: Պարեկները, որ մոտակայքում ծառայության են եղել, արագ հասել են նշված վայր: Նկատելով նրանց` երկու տղամարդիկ դիմել են փախուստի:
Պարեկները հետապնդել են` այդ ընթացքում նախազգուշական երկու կրակոց արձակելով օդ: Շուտով հասել են նաև Արաբկիրի քրեական հետախույզները: Փախչողներից մեկը ձերբակալվել է և, գողություն կատարելու կասկածանքով, տեղափոխվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակչի, 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են երկու փաթեթ` ընդհանուր ավելի քան 23 գրամ դեղնականաչավուն զանգվածով:
Երիտասարդը ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նշանակվել է փորձաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության փորձի երկրորդ մասնակցի անձը ճշտելու, նրան հայտնաբերելու, նաև դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: