ԲԱՅԴԵՆԸ ԼՈՒՐՋ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԹՐԱՄՓԻՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆիլադելֆիայում իր ելույթում լուրջ մեղադրանքներ է ներկայացրել երկրի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին: Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները բախվում է ժողովրդավարությանն ուղղված սպառնալիքների, և դրա պատճառը նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է՝ Հանրապետական կուսակցությունում ունեցած իր համախոհներով։ Նախագահը կոչ է արել ամերիկացիներին միավորվել ժողովրդավարության համար պայքարում՝ ընդգծելով, որ բոլոր հանրապետականները չեն մտածում այնպես, ինչպես Թրամփն ու նրա կողմնակիցները։ Նրա կարծիքով՝ այս իրավիճակում հարկավոր է պաշտպանել ամերիկյան ժողովրդավարությունն այն սպառնալիքներից, որոնց բախվում է ազգը։

ԶԵԼԵՆՍԿԻՆ ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԱԷՄԳ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԶԱԷԿ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Ուկրաինայի նախագահը քննադատել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը Զապորոժիեի ատոմակայանի տարածքում: Վոլոդիմիր Զելենսկիի խոսքով՝ առաքելության ժամանակ ներկա չեն եղել ուկրաինական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, այնինչ նախապես նման պայմանավորվածություն է եղել: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները երեկ այցելել են Զապորոժիեի ատոմակայան. ատոմային օբյեկտին հասցված վնասի չափին ծանոթանալուց հետո միայն մասնագետները կկարողանան վերջնական եզրակացություն և գործողությունների ծրագիր ներկայացնել: Փորձագետների թիմում է նաև ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին:

Ռաֆայել Գրոսսի (Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն) - Մենք պատրաստվում ենք շարունակական ներկայություն ապահովել կայանում: Իրավիճակն իրոք մտահոգիչ է և կշարունակի այդպիսին մնալ, քանի դեռ չունենք ավելի կայուն, ավելի կանխատեսելի իրավիճակ: Մասնագետների երկու խումբ է աշխատում. նրանք պետք է գնահատեն իրավիճակը, կատարեն դիտարկումներ, տան գնահատականներ. դրանց հիման վրա կկազմվի զեկույց, որը կներկայացնենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդին:

ԵՎՐՈՊԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՑ ՌԴ-Ի ԱՆՀՆԱՐ Է

Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն առանց Ռուսաստանի անհնար է պատկերացնել՝ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահը: Վյաչեսլավ Վոլոդինի համոզմամբ՝ եվրոպական երկրների ղեկավարները պետք է չեղարկեն պատժամիջոցները և գործարկեն «Հյուսիսային հոսք-2»-ը, հակառակ դեպքում, ըստ Վոլոդինի, նրանք ավելի կբարդացնեն իրենց քաղաքացիների կյանքը: Նա հավելել է, որ անցած տարի եվրոպական երկրները գնել են 341 մլրդ խորանարդ մետր գազ, որի 50%-ը տոկոսը՝ ռուսական խողովակաշարով: Եվրոպական երկրներում էներգետիկ ճգնաժամի պատճառը, ըստ Պետդումայի նախագահի, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներն են:

ՇՈԼՑԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՌԴ-Ի ՀԵՏ

Բեռլինը Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողության շուրջ Մոսկվայի հետ բանակցությունները շարունակելու ցանկություն է հայտնել: Գերմանիայի կանցլերը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապի մեջ է և չի պատրաստվում դադարեցնել գործակցությունը: «Ես հանդիպել եմ Ռուսաստանի նախագահի հետ, մի քանի անգամ նրա հետ հեռախոսազրույց ունեցել. շարունակելու եմ շփումները»,- հայտարարել է Օլաֆ Շոլցը:

Երեկ նույն բովանդակությամբ հայտարարություն էր հնչել նաև Փարիզից: Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ արևմտյան կառույցներին անդամակցելուն զուգահեռ՝ Ֆրանսիան պետք է շարունակի երկխոսությունը Ռուսաստանի հետ:

ԼԵՀԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ

Վարշավան մտադիր է Գերմանիայից 1,3 տրիլիոն դոլարի փոխհատուցում ստանալ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Լեհաստան ներխուժման և օկուպացիայի համար: Լեհաստանի իշխող «Իրավունք և արդարություն» պահպանողական կուսակցության առաջնորդը զեկույց է ներկայացրել Գերմանիայի ներխուժման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացիայի պատճառած ֆինանսական վնասների մասին: Յարոսլավ Կաչինսկիի խոսքով՝ գործընթացը երկարատև և բարդ կլինի, բայց այն կավարտվի հաջողությամբ: Հակագերմանական տրամադրություններ սրելու համար կառավարությանը մեղադրել է Լեհաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Դոնալդ Տուսկը: Նրա խոսքով՝ Դուդայի կառավարությունը փորձում է ընտրողների աջակցությունը ստանալ: Բեռլինում պնդում են, որ արևելյան ճամբարի երկրները պատերազմից հետո փոխհատուցում են ստացել. Գերմանիայի ղեկավարությունը հարցը փակված է համարում։

ԻՐԱՆԸ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ Է ՏՎԵԼ ԱՄՆ ԱՌԱՋԱՐԿԻՆ

Իրանը կառուցողական պատասխան է ուղարկել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի և միջուկային համաձայնագրի վերականգնման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին՝ հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը: Նասեր Քանանիի խոսքով՝ Իրանի կողմից ուղարկված տեքստն նպատակաուղղված է բանակցությունների ավարտին:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն