33-ամյա Սվետլանան «Էրեբունի» ԲԿ ծննդատուն էր դիմել հղիության հենց սկզբից: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։

«Ծննդատան ղեկավար Անդրանիկ Պողոսյանի մոտ առաջին այցելության ընթացքում պարզվել էր, որ հղին ունի առողջական մի շարք խնդիրներ: Փոքր տարիքում Սվելտանային ախտորոշվել էր մեծ ծավալի հեմանգիոմա, որը սկսվում էր ձախ ոտքի ազդրային հատվածից, տարածվում ամբողջ մաշկի վրա, հասնում թաթի հատված, առկա էր նաև կոնքազդրային հոդի պարալիզացում: Հեմանգիոման բարորակ գոյացություն է, որն առավելապես տեղակայված է լինում մեկ օրգանի վրա՝ չառաջացնելով առողջական խնդիրներ:

Սվետլանայի մոտ հեմանգիոմաներն ունեն բազմակի տեղակայումներ և վաղ տարիքում առաջացրել էին ներքին արյունահոսություն, կատարվել էր այն կանգնեցնող վիրահատական մեծ միջամտություն:  Անկախ խնդիրներից՝ Սվետլանան որոշել էր ռիսկի գնալ և երեխա ունենալ: Չնայած բարդ և բացառիկ դեպքին՝ Անդրանիկ Պողոսյանն արել է ամեն ինչ՝ հղիությունը բարեհաջող ավարտին հասցնելու համար: Կատարվել են լաբորատոր-գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, այդ թվում՝ ՄՌՏ հետազոտություն:

Պարզվել էր, որ բացի արտաքին հեմանգիոմաներից՝ առկա են նաև բազմաթիվ ներքին հեմանգիոմաներ լյարդի, որովայնամզի, միզապարկի, թոքերի վրա: Հղիության ընթացքում արյան մակարդելիության ցուցանիշները բարձրացել էին կրկնակի և միտումը շարունակվում էր:  Այս խնդիրներն ամեն պահի կարող էին առաջացնել թրոմոզ, արյունահոսություններ և կյանքի սպառնալիք դառնալ:

Հղիության ամբողջ ընթացքը Սվետլանան գտնվել է «էրեբունի» ԲԿ ծննդատան գինեկոլոգների և  Արյունաբանական կենտրոնի մասնագետների (Հեղինե Խաչատրյան) հսկողության տակ: Ստացել է հապատասխան բուժում, սակայն արյան մակարդելիության խնդիրերն այդպես էլ չեն կարգավորվել: Ռիսկերը պահպանվել են նաև ծննդաբերության ընթացքում:  Հղիության 36 շաբաթականում որոշվել է կատարել կեսարյան հատում, որն իրականացվել է ընդհանուր անզգայացման պայմաններում:

Կեսարյան հատումը կատարել է Անդրանիկ Պողոսյանը` մանկաբարձ֊գինեկոլոգ Անահիտ Անանյանի և ծննդատան անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ծառայության ղեկավար Լուսինե Դանիելյանի հետ։  Լույս աշխարհ է եկել Սվետլանայի աղջիկը՝ լիովին առողջ: Վիրահատությունից հետո 24 ժամ ծննդկանը գտնվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ նախապես պատվիրված և պատրաստված էր համապատսխպան խմբի էրիթրոցիտար զանգված: Սակայն արյան փոխներարկման կարիք այդպես էլ չի եղել:

Բժիշկների համառ պայքարի, Սվետլանայի և  ամուսնու ուժի, լավատեսության շնորհիվ հնարավոր է եղել հաղթահարել բոլոր դժվարությունները: Ինչպես նրան խոստացել էր Անդրանիկ Պողոսյանը՝  Սվետլանան «Էրեբունի» ԲԿ-ից դուրս էր եկել իր փոքրիկի հետ»,- ասվում է ԲԿ հաղորդագրությունում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն