Պուտինն ու Էրդողանը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Թուրքիայի նախագահը ցավակցություն է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի մահվան կապակցությամբ՝ ընդգծելով նրա նշանակալի դերը Ռուսաստանի և ամբողջ աշխարհի նորագույն պատմության մեջ՝ նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
«Սոչիում օգոստոսի 5-ին կայացած բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և Թուրքիայի միջև բազմակողմանի համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հաստատվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի առաջխաղացման տրամադրվածությունը»,- հայտնել են Կրեմլից:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահներն անդրադարձել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակին։ «Էրդողանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերը Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի կազմակերպման գործում: Քննարկվել է հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահի միջնորդությամբ Ստամբուլում կնքված հացահատիկային գործարքի իրականացման ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները պայմանավորվել են շարունակել շփումները: