Ուկրաինայի ԱԳՆ-ն Հունգարիային մեղադրել է հակաուկրաինական քարոզչության համար
Ուկրաինայի ԱԳՆ-ն Հունգարիայի աշխարհագրության դասագրքերից մեկում տեսել է հակաուկրաինական քարոզչություն և պահանջել է շտապ շտկել այնտեղ տեղադրված տեղեկատվությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Украинская правда-ն։
Հրատարակությունը պարզաբանում է, որ Հունգարիայում ութերորդ դասարանի աշխարհագրության դասագիրքը, ըստ ուկրաինական կողմի, լի է հակաուկրաինական քարոզչությամբ։ Դասագրքում, մասնավորապես, ասվում է, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմ է ընթանում, որի հետ Ռուսաստանը ոչ մի կապ չունի։
Կիևին դուր չի եկել նաև դասագրքում տպագրված նկարը, որում Ուկրաինան մասնատում են ռուսական արջը, ԱՄՆ-ի ու Եվրամիության խորհրդանշանների հագուստով տղամարդիկ։ Նկարազարդման տակ գրված է՝ «Ո՞ւմ պետք է պատկանի Ուկրաինան»։
Մեկնաբանելով դասագրքի հետ կապված իրավիճակը՝ Ուկրաինայի ԱԳՆ խոսնակ Օլեգ Նիկոլենկոն ասել է, որ երեքշաբթի Հունգարիայի ԱԳՆ-ում կայացել է ուկրաինացի դիվանագետների հետ հանդիպում, որի ընթացքում «ուկրաինական կողմը նշել է հանրապետության մասին ոչ հավաստի և խեղաթյուրված փաստեր ներկայացնելու անընդունելիությունը»։
«Պահանջում ենք, որ դասագրքում տեղ գտած կեղծ տեղեկությունները հնարավորինս արագ շտկվեն»,- ասել է Նիկոլենկոն։