Առաջարկվում է յուրաքանչյուր առցանց տաքսի պատվերից 100 դրամի տուրք գանձել
100 դրամ պետական տուրք՝ յուրաքանչյուր պատվերից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է օնլայն հարթակներով տաքսի ծառայություն մատուցող՝ այսպես ասած միջնորդ կազմակերպություններին հարկային դաշտ բերել, պետական տուրք գանձել:
Արմեն Սիմոնյան (ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ) - Կան օնլայն ագրեգատորը, և այդ ագրեգատորին կպած տաքսոպարկերը: Դրանք հիմնականում Հայաստանում գրանցված ընկերություններ են, բայց օնլայն ագրեգատորները որպես էդպիսին ՀՀ-ում որևէ կարգավիճակ չունեն: Ինչպես իրենք են ասում՝ իրենք միջնորդ են հանդիսանում փոխադրողի և պատվիրատուի միջև և այդ միջնորդության համար գանձում են որոշակի գումար:
Հայաստանում առցանց տաքսի ծառայություն մատուցող երեք հիմնական ընկերությունից ստացված տվյալով՝ մոտ 30.000 ակտիվ վարորդ է աշխատում, որոնք օրական միջինում 100.000 պատվեր են ունենում՝ մինիմալը 400 դրամով: ՏԿԵ նախարարի տեղակալի խոսքով՝ օնլայն պատվերով աշխատող ընկերությունները կանոնավոր ուղևորափոխադրողներից այսկերպ ուղևոր են փախցնում:
Արմեն Սիմոնյան - Եթե դու ավտոբուսով 4 հոգով երթևեկում ես, վճարում 400 դրամ, տաքսիով էլ ես էդքան վճարում: Սա ստացվում է անհավասար պայմաններ կանոնավոր ուղևորափոխադրումների և այս պահին որևէ կարգավիճակ չունեցող և որևէ տուրք չվճարող օնլայն տաքսիների միջև:
Օնլայն տաքսի ծառայություն մատուցող երեք ընկերությունն էլ թեմայի շուրջ մեկնաբանություն չտվեց: Փոխարենը՝ տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահն իր մտահոգությունները հայտնեց: Վահագն Սահակյանի կարծիքով՝ պետական տուրքի փոխարեն անհրաժեշտ է բոլոր տաքսի ծառայություն մատուցողներին լիցենզավորման դաշտ բերել:
Վահագն Սահակյան (Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ) - Ի՛նչ ա նշանակում՝ ամեն պատվերից 100 դրամ, գիտեք՝ պատվեր կա՝ 20-30.000 դրամ ա, պատվեր կա՝ 600 դրամ: Եթե դա համարենք հարկատեսակ, դժվար է գանձել: Օնլայն հարթակները դրանք առևտրային կազմակերպ են, և կարող են հարվել իրենց ստացած եկամուտներից: Իսկ տաքսին պետք է լինի լիցենզավորված, որը նաև անվտանգության, ամեն լիցենզավորված մեքենա, կապված իր գործունեության վայրից, հարկելի ա՝ սկսած 9100 դրամից, շրջաններում՝ 5000, շրջկենտրոններում՝ 8000, մայրաքաղաքում՝ 12000:
Նախագիծն այժմ Կառավարությունում է, օրենքի ուժ ստանալու պարագայում օնլայն յուրաքանչյուր պատվեր առնվազն 100 դրամով կթանկանա: Փոխնախարարի խոսքով՝ այդկերպ նաև մատուցվող ծառայությունների որակը կբարձրանա:
Վահագն Սահակյան - Մեր հաշվարկով՝ միջինը տարեկան 2-3 մլրդ դրամ լրացուցիչ գումար կգա պետբյուջե:
Նախագծով յուրաքանչյուր պատվերից տուրք չվճարելու, ուղևորին բջջային հավելվածի միջոցով էլեկտրոնային կտրոն չտրամադրելու դեպքում սահմանվում է 300.000 դրամի տուգանք: