Հացահատիկի գործարքի մասը՝ ռուսական ապրանքները շուկաներ ներմուծելու վերաբերյալ, չի կատարվում. Պեսկով
Համաշխարհային շուկաներ ռուսական արտադրանքի արտահանման մասին հացահատիկի գործարքի երկրորդ մասը փաստացի չի կատարվում՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Մենք շատ ենք լսել Միացյալ Նահանգների, մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչների խորամանկ հայտարարություններն այն մասին, որ պատժամիջոցներ չեն կիրառվում ռուսական պարենի և պարարտանյութերի նկատմամբ: Դե յուրե, դա ճիշտ է: Բայց դե ֆակտո ռուսական սննդամթերքն ու պարարտանյութերը միջազգային շուկաներ դուրս բերելը չափազանց դժվար է ու շատ սահմանափակ»,- պարզաբանել է նա։
Պաշտոնյայի խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է այն պատճառով, որ առևտրային նավերը չեն կարողանում մուտք գործել նավահանգիստներ, նրանց չեն ապահովագրում, չեն ընդունում, չեն սպասարկում։
«Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի արտահանման վերաբերյալ համաձայնագիրը կնքելու և այս գործընթացի մեկնարկին նպաստող մեխանիզմ ստեղծելու ժամանակ փոխըմբռնում կար, որ այն պայմանավորված է ևս մեկ այլ գործընթացով՝ ապաշրջափակել միջազգային շուկաներում ռուսական արտադրանքի վաճառքը»,- հիշեցրել է Պեսկովը։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հավանական էր համարել, որ Մոսկվան կհրաժարվի այդ գործարքից՝ Ռուսաստանից արտահանումն ապահովելու վերաբերյալ պայմանավորվածությունը չկատարելու պատճառով։ Նա հիշեցրել է, որ գործարքի վավերականության ժամկետը լրանում է նոյեմբերին։