Ռուսաստանն առայժմ զուսպ է արձագանքում Ուկրաինայի հարձակումներին. Պուտին
Ռուսաստանը չի փոխում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության օրակարգը և առայժմ զուսպ է արձագանքում Կիևի հարձակումներին՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։
Ռուսաստանի ղեկավարն առաջարկել է սպասել՝ հասկանալու՝ ինչպես կավարտվի ուկրաինական հակահարձակումը:
«Ռուսական զինուժը վերջերս մի քանի զգայուն հարված հասցրեց ուկրաինական կողմին: Համարենք՝ դրանք նախազգուշական հարվածներ էին։ Եթե իրավիճակը չփոխվի, պատասխանն ավելի լուրջ կլինի»,- զգուշացրել է Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ չի կարդացել և ծանոթ չէ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասով Կիևի նախագծին։